Հայաստանում բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը հայտնվել է սև ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Սի Փի Էս օիլ Քորփորեյշն» ընկերությունը հայտնվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության եւ «Մելիորացիա» ՓԲԸ-ի թիրախում: Բանն այն է, որ ԱՎԾ-ն եւ «Մելիորացիա» ՓԲԸ-ն դիմել են ՀՀ ֆինանսների նախարարություն՝ պահանջելով «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն» ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Ասել է, թե սեւ ցուցակում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ֆինանսների նախարարությունը այս հարցով իր հերթին դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ: Նկատենք, որ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում տեղ են գտնում այն ընկերությունները, որոնք խախտումներ են թույլ տալիս: Այսինքն` խախտում են «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Ըստ որոշ տեղեկությունների` ՀՀ-ում բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող խոշոր ընկերությունը եւս խախտումներ է թույլ տվել: Նկատենք, որ այս ընկերությունը գնումների գործընթացի շրջանակներում որոշ գերատեսչություններին բենզին է մատակարարում: Այդ գերատեսչությունների թվում է նաեւ ազգային վիճակագրական ծառայությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գնումների բողոքարկման խորհուրդը նոր է սկսել քննել ընկերությանը սեւ ցուցակում ներառելու վերաբերյալ բողոքները: Բայց մեզ հայտնի դարձավ, որ «Սի Փի էս Օիլ քորփորեյշն» ընկերությունը միջնորդություն է ներկայացրել գնումների բողոքարկման խորհուրդին եւ պահանջել հետաձգել խորհուրդի աշխատանքները այն պատճառաբանությամբ, որ քննվող հարցի հետ կապված իրենք փորձում են իրենց աշխատանքներում ներգրավել իրավաբանների: Այս պատճառով գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է դադարեցնել եւ հետաձգել աշխատանքները: Իսկ հաջորդ նիստի մասին կողմերը կծանուցվեն լրացուցիչ: Նույնը վերաբերում է նաեւ «Մելիորացիա» ՓԲԸ-ի բողոքին: Ասել է, թե «Սի Փի էս Օիլ քորփորեյշն» ընկերության դեմ ներկայացված դիմումն իրավական լուրջ քննության դեռ պետք է ենթարկվի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս