Կարեն Կարապետյանի հեքիաթը՝ գուլպայի և սառնարանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման տարիներին արձանագրած տնտեսական աճի ցուցանիշների մասին սկսել է սոցիալական ցանցերով տեղեկացնել: Մասնավորապես նա իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հագուստի, կենցաղային տեխնիկայի, սննդի ներմուծման ծավալների վերաբերյալ տվյալները՝ 2017-2018թթ. հունվար եւ փետրվար ամիսների համեմատությամբ:

Եւ, օ~, հրաշք, պարզվում է` ներմուծման ցուցանիշները այս տարվա հունվար- փետրվար ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են ահռելի տարբերությամբ: Օրինակ` այս տարվա հունվար-փետրվար ամսիներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցիտրուսային պտղի ներմուծումը 35 տոկոսով աճել է: Եթե հավատանք վարչապետի ֆեյսբուքյան էջին հրապարակված տվյալներին (այդ տվյալները, ի դեպ, վարչապետը վերցրել է ազգային վիճակագրական ծառայությունից), ապա այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան ներմուծվել է 5 հազար 104 տոննա ցիտրուսային պտուղ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 հազար 788 տոննայի դիմաց:

Պարզվում է` մեր երկիր ակտիվ ներմուծվում է նաեւ մսամթերք ու երշիկ. այս դեպքում երկու ամիսների ընթացքում ներմուծվել է 379 տոննա մսամթերք ու երշիկ` նախորդ տարվա 261 տոննայի դիմաց: Իսկ ահա թռչնամսի, պանրի եւ կաթնաշոռի ներմուծման ծավալները, հակառակը, նվազել են: Տեղեկացնենք, որ ՀՀ թռչնաբույծները բազմաթիվ անգամ կառավարությունից պահանջել են սահմանափակել թռչնամսի ներկրումը, քանի որ այդ պատճառով իրենք չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը: Փաստորեն, այս դեպքում վարչապետը տվյալներ ներկայացնելիս հաշվի է առել թռչնաբույծների կողմից բարձրացված աղմուկը: Հավանաբար այսպես փորձել է ինքն իրեն ապահովագրել:

Զգալի ավելացել են նաեւ մարդատար ավտոմեքենաների ներկրման ծավալները: Երկու ամիսների ընթացքում ՀՀ ներմուծվել է 8 հազար 183 հատ մարդատար ավտոմեքենա: Մինչդեռ նախորդ տարվա երկու ամիսներին ներմուծված մարդատար ավտոմեքենաները 2 հազար 737-ն են եղել:

Բայց ամենաուշագրավ պատկերը հագուստի, կենցաղային տեխնիկայի եւ տան պարագաների ներմուծման ցուցանիշների հետ է կապված: Միայն թե այդ ցուցանիշները կասկածներ են առաջացրել ոչ միայն մասնագետների, այլեւ հանրության որոշ շրջանակների մոտ: Այսպես` վարչապետը ֆեյսբուքով հանրությանը տեղեկացրել է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մեր հանրապետություն ներմուծվել է 43 հազար 683 զույգ գուլպա: Իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ներմուծվել է 1 հազար 845 զույգ գուլպա: Նույն աճի տեմպը արձանագրվել է նաեւ պայուսակների, կանացի հագուստի, սվիտերների, գործվածքների դեպքում: Միայն կանացի, տղամարդու կոշիկների եւ տղամարդու հագուստի ներմուծումն է նվազել:

Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է` մեկ տարվա ընթացքում զգալի ավելացել է նաեւ սառնարանների, ջահերի ներմուծումը: Այսպես` վերոնշյալ ամիսներին ՀՀ ներմուծվել է 8 հազար 322 հատ սառնարան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1898-ի դիմաց: Նաեւ աճել է լամպերի ներմուծումը. 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծվել է 155 տոննա ջահ, լամպ, իսկ 2017 թվականի այդ ժամանակահատվածում` 82 տոննա: Աճել է նաեւ կահույքի, ամանեղենի ներմուծումը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ վարչապետի հրապարակած տվյալներից (տե՛ս լուսանկարը) պարզ է դառնում, որ, օրինակ, մեր հանրապետությունում ներմուծվել է 8 մլն 322 հազար հատ սառնարան` անցած տարվա 1.9 մլն-ի դիմաց։ Սա խիստ տարօրինակ է եւ անհավատալի: Չէ՞ որ 2.9 մլն բնակչություն ունեցող երկրում 8 մլն 322 հազար հատ սառնարան ներմուծելը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Բայց կառավարությունը մեկ օր անց ստիպված եղավ գործադիրի ղեկավարի վրիպակներն ուղղել. «Տեղի է ունեցել ընդամենը տեխնիկական վրիպակ չափման միավորի հետ կապված` սառնարանների բաժնում այն նշվել է որպես «հազար հատ» ուղղակի «հատ»-ի փոխարեն»:

Միայն թե, մինչ այդ նկատենք` անհնար է մի երկրում, որտեղ բնակչության թվաքանակը հետեւողականորեն նվազում է, նման ապրանքների ներմուծման աճ արձանագրել: Չէ՞ որ մարդկանց գնողունակությունն էլ է նվազում, եւ ոչ մի գործարար ռիսկի չի դիմի եւ մեծ քանակությամբ կենցաղային տեխնիկա չի ներկրի:
Եւ ուրեմն, ինչի՞ մասին են վկայում այս թվերը: Մասնագետների պնդմամբ` մասամբ դրանք ուռճացված են, մասամբ էլ վկայում են ՀՀ-ում ստվերի կրճատման մասին:

Միայն թե որքան շատ է Կարեն Կարապետյանն այս «ձեռքբերումների» մասին խոսում, այնքան արդյունքում մի տեսակ անհարմար վիճակ է ստեղծվում Սերժ Սարգսյանի համար: Այսպես` վարչապետը Սերժ Սարգսյանի իշխանությանը ձեռնոց է նետել եւ բավական լուրջ, անուղղակի մեղադրանքներ է ներկայացրել: Իրականում նշված ապրանքատեսակների ներմուծման աճը հետեւանքն է այն բանի, որ կառավարությունը ստվերից հանել է ներկրումները: Այսինքն` նախկինում որոշ գործարարներ, որոնք ունեցել են իշխանական տանիք, ներմուծել են ինչ-որ X ապրանք, բայց այն մաքսազերծել են մեկ այլ ապրանքի կամ փչացած ապրանքի անվան տակ: Փաստորեն հիմա խաղի որոշակի կանոններ է հստակեցվել. ուղղակի ներկրողները ստիպված են եղել ճիշտ թվեր ցույց տալ, ինչի արդյունքում ստացվել է թվաբանական նման աճ:

Իսկ թե այս տարիներին որքան է եղել տնտեսության մեջ ստվերը, Կարեն Կարապետյանը դեռեւս չի բարձրաձայնում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս