Նախորդ տարի Հայաստանում ընտրությունների ինստիտուտը վերջնականապես վախճանվեց. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարի առաջ` ապրիլի 2-ին, Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ իրականում այդ օրը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անվան տակ համապետական մեծ միջոցառում անցկացվեց, որը, սակայն, որեւէ առնչություն չուներ ընտրություններ հասկացության հետ: Եւ որ ամենասարսափելին է՝ իշխանություններն ընտրակեղծիքը կատարեցին ժողովրդի ձեռամբ՝ վերջինիս մասնակից դարձնելով այդ ամենին:

Սերժ Սարգսյանի իշխանությունը տեւական ժամանակ հետեւողական աշխատանք է տարել` երկրում ստեղծելու այնպիսի մթնոլորտ, որ քաղաքացիները ընտրություններն ընկալեն հարուստ թեկնածուի շտաբից «փող թռցնելու» իրադարձություն եւ ոչինչ ավելին /իսկ հարուստ լինում են իշխանական կամ իշխանամերձ թեկնածուները/: Այդ քաղաքականության արդյունքներն այդ օրը երեւացին. 10 հազարական դրամի դիմաց մարդիկ շտապեցին ընտրատեղամաս մի փոքր ծառայություն մատուցելու՝ V-աձեւ նշան դնելու այն թեկնածուի անվան դիմաց, ում շտաբից ստացել էր գումարը` առանց գիտակցելու, որ այդպես վաճառում են իրենց ու իրենց երեխաների ապագան, քայքայում են պետության հիմքերը` վտանգելով պետականության գոյությունը:

Ասել է, թե իշխանությունները ստիպողաբար ընտրակեղծիքի մասնակից դարձրին բնակչության մի ստվար զանգվածի` վերջինիս զրկելով հետագայում բողոքելու իրավունքից: Ու որպեսզի չստացվեր այնպես, որ մարդը վերցնում է գումարը, բայց ընտրում ուրիշի, իշխանությունները տեղամասում տոտալ վերահսկողություն էին սահմանել` շատ տեղերում հետեւելով, թե ով ինչպես է քվեարկում. այդ նպատակով նրանք լայնորեն ներգրավել էին թաղային խուժանին ու քրեական հեղինակությունների, որոնց հանձնարարված էր աշխատել փոքր խմբերի հետ: Այդ ամենից բացի` իշխանությունները գործի դրեցին վարչական ռեսուրսը` ծառայեցնելով իրենց շահերին: Ամենավառ ապացույցը դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների սկանդալն էր. հրապարակվեցին ինքնախոստովանական ձայնագրություններ, թե ինչպես էին պաշտոնեական դիրքն օգտագործել` ՀՀԿ-ի օգտին մարդկանց ցուցակագրելու համար:

Համատարած ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման, քաղաքացիների ահաբեկման ու վերահսկման մասին բարձրաձայնեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները, օտարերկրյա դեսպանատները: Այդ ամենն արձանագրվեց անգամ ՀՀ ՍԴ որոշման մեջ, չնայած նույն ՍԴ-ն հրաժարվեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինիքի դիմումի հիման վրա անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Եւ այդ ողջ խայտառակությունից հետո իշխող ՀՀԿ-ին, չնայած տարիներ շարունակ ձախողումներին, հաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում:




Լրահոս