Ութ տարվա ընդմիջումից հետո կրկին խորհրդարանի օրակարգում է մերկապար բեմադրող գիշերային ակումբներն օրենսդրությամբ կարգավորելու հարցը, բնականաբար, խիստ հայեցի ձեւակերպմամբ՝ «հեստապար»:
Սուրեն Կարայանի գլխավորած տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն ԱԺ է ներկայացրել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրինագիծ է, որով առաջարկվում է գիշերային ակումբները տեղակայել բնակելի շենքերից առնվազն 400 մետր հեռու, ընդ որում, այդ որոշումը կայացնելու իրավունքը տրվի համայնքների ավագանուն: ԱԺ տարածքային կառավարման, ՏԻՄ եւ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ պատգամավորները դեմ էին այդ իրավունքն ավագանուն զիջելուն:
Բայց շատ ավելի թեժ էին քննարկումները օրենքով «հեստապար» տերմինի ձեւակերպման շուրջ: Ընդ որում, խորհրդարանի պատմության մեջ դժվար է հիշել` երբեւէ եղել են նման թեժ քննարկումներ օրենքում որեւէ տերմինի ձեւակերպման շուրջ:
Եւ այսպես` օրինագծով առաջարկվում է. «հեստապար` պարերով եւ (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են»:
Երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Սերգեյ Բագրատյանն ընդվզում էր, թե. «Նախագծում ասվում է՝ աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանալ, դա ո՞րն է: Աստիճանաբար, որ մերկանում են, լրիվ չեն մերկանու՞մ: Այս ձեւակերպումը պետք է հանել»: Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանն էլ արձագանքեց. «Իսկ եթե մերկապարուհիներն ընդհանրապես չհանվե՞ն»: Բնականաբար, նման բանավեճը հարուցեց դահլիճում ներկաների ծիծաղը: Եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկումներն անցան այսպիսի ուրախ մթնոլորտում:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության այս նախաձեռնությունն ուշագրավ է մեկ այլ առումով. կառավարությունը նաեւ 2010 թվականին էր փորձել նման նախագիծ բերել, սակայն ԱԺ-ում այն դիմադրության արժանացավ: Այն ժամանակ առաջարկվում էր նաեւ մանրամասն կանոնակարգել հեստապարի ժամանակ հաճախորդի վարքագիծը՝ կարո՞ղ է արդյոք դիպչել պարուհուն, քանի՞ մետր հեռավորությունից, եւ այսպես շարունակ: Հիմա, սակայն, այս բոլոր մանրամասները հանվել են նախագծից, այլ մնացել են տարիքային սահմանափակումները:
Ասել է, թե բոլոր պարերը պարել էինք, հիմա մնացել է սարի սմբուլը: