Կոստյո՞ւմն է, որ պիտի զարդարի. երբ վարչապետի աշխատանքի որակը կախված է աշխատասենյակների քանակից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հանդեպ կառավարության հոգատարությանը նույնիսկ կարելի է նախանձել: ԳԱԱ վերջին նիստում Սերժ Սարգսյանի անկեղծ պոռթկումը՝ «Գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են», անհետեւանք չմնաց: Հաջորդ օրն իսկ կառավարության որոշմամբ Ս. Սարգսյանին անհատույց բնակարան հատկացվեց. ճիշտ է` բոլոր պաշտոնաթող նախագահներին էլ օրենքով սահմանված կարգով, տրվում է կեցավայր, սակայն Ս. Սարգսյանին տունը տրվեց հենց կառավարական ամառանոցներից, եւ տրվեց այն տունը, որում նա ապրում է այսօր:

Դրանից հետո կառավարությունը նախատեսել է, որ Ս. Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո միանգամից երկու նստավայր է ունենալու՝ մեկը Բաղրամյան 26-ում, այսինքն՝ որտեղ աշխատում է հիմա, մյուսը՝ կառավարության գլխավոր մասնաշենքում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տեւական ժամանակ կառավարության գլխավոր մասնաշենքի երրորդ հարկում ակտիվ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում. պատրաստում էին Ս. Սարգսյանի ապագա աշխատասենյակը: Երեկ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այս կապակցությամբ մեկնաբանել է. «Զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը այդ առումով հարմարեցված է վարչապետի մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար: Կարծում եմ` զարմանալի բան չկա, որ լիազորությունների մի մասն էլ վարչապետն իրականացնելու է այլ տարածքից: Կառավարության անդամների հետ աշխատանքը կարող է իրականացվել այստեղ»:

Կարելի է ենթադրել, որ Ս. Սարգսյանը բանակի, ԱԱԾ-ի, ոստիկանության, ընդհանրապես՝ երկրի ղեկավարման հետ կապված հրահանգները տալու է Բաղրամյան 26-ից, այստեղ են կազմակերպվելու ներիշխանական, կուլիսային գործընթացները, իսկ ահա փոխվարչապետներին ու նախարարներին հանձնարարականները տրվելու են կառավարության գլխավոր մասնաշենքում, որտեղ եւ անցկացվելու են նաեւ կառավարության նիստերը:

Իսկապես զավեշտալի է: Փաստորեն պետական պաշտոնյայի գործունեության արդյունավետությունը կախված է աշխատասենյակների քանակից, հայտնի ֆիլմի հերոսը կասեր. «Կոստյո՞ւմն է, որ ինձ պիտի զարդարե»: Հիմա, փաստորեն, Սերժ Սարգսյանին աշխատավայրերն են զարդարում, եւ եթե նրա նստավայրը լինի միայն կառավարության գլխավոր մասնաշենքում, պետության գործերը դրանից կտուժեին:

Իսկ իրական պատճառը մեկն է. Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի պատրաստվում հրաժեշտ տալ իշխանությանը եւ Բաղրամյան 26-ին: Բայց մյուս կողմից անտրամաբանական կլիներ, եթե լինելով վարչապետ` չունենար աշխատասենյակ կառավարությունում: Ուստի ընտրվել է ե՛ւ, ե՛ւ տարբերակը:




Լրահոս