Մարտ ամսվա ընթացքում, փետրվարի համեմատ, կրկին գնաճ է արձանագրվել, ճիշտ է՝ ըստ ԱՎԾ-ի` ընդամենը 0.1 տոկոսի չափով, սակայն ինքնին փաստը ուշագրավ է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այն հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների թանկացմամբ եւ ծառայությունների սակագների հավելաճով: Օրինակ` ոչ պարենային ապրանքների շուկայում կենցաղային սարքերը թանկացել են 0.5 տոկոսով, հագուստը` 0.8 տոկոսով: Նշենք, որ կոշիկի շուկայում արձանագրվել է 2.8 տոկոս գնաճ: Իսկ ահա կահույքի գները բարձրացել է 1 տոկոսով, ապակե ամանեղենը, ճաշասպասքը եւ տնային կահ-կարասին` 1.4 տոկոսով: Նաեւ դեղագործական ապրանքներն են թանկացել` 0.5 տոկոսով:
Փոխարենը առաջին անհրաժեշտության սննդատեսակներից կաթնամթերքը, պանիրն ու ձուն մարտին, փետրվարի համեմատ, էժանացել են: Սա նպաստել է հավկիթի 6.9 տոկոս գնանկումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում հունվար, մարտ ամիսներին մեծ քանակությամբ ձու է արտադրվել, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել նաեւ գնի վրա: Բայց անցած տարվա մարտի համեմատ` նշված ապրանքատեսակների շուկայում գնաճը կազմել է 5.3 տոկոս:
Պարզվում է` գնանկում արձանագրվել է բանջարեղենի շուկայում: Այս դեպքում, մարտին, փետրվարի համեմատ, բանջարեղենը էժանացել է 3.1 տոկոսով: Ըստ որոշ տեղեկությունների` սրան նպաստել են եղանակային պայմանները. գյուղացիները օգտվելով բարենպաստ եղանակային պայմաններից` կարողացան ժամանակից շուտ գյուղմթերք վաճառել: Քանի որ նախկինում գյուղացիները ցրտաշունչ ձմռան պատճառով գյուղմթերքը մարտ ամսից ուշ էին վաճառում: Խոսքը կանաչու (համեմ, կոտեմ, մաղադանոս եւ այլն), վարունգի մասին է: Օրինակ` Վանաձոր, Հրազդան քաղաքներում բանջարեղենի գները բավականին նվազել են` 5.5 տոկոսով: Իսկ երեւանյան խանութներում ու սուպերմարկետներում բանջարեղենն էժանացել է 2.6 տոկոսով:
ԱՎԾ տվյալներով` մարտին, փետրվարի համեմատ, մսամթերքի շուկայում եւս գնանկում է արձանագրվել` 0.2 տոկոսով: Իսկ ահա անցած տարվա մարտի համեմատ, հակառակը, մսամթերքը թանկացել է 13.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ ըստ ԱՎԾ-ի` ՀՀ 4 քաղաքներում մսամթերքը ոչ թե էժանացել է, այլ թանկացել 0.6-2.3 տոկոսով: Միրգն է զգալի թանկացել: Պաշտոնական վիճակագրությամբ` մեկ ամսվա ընթացքում մրգի գները բարձրացել են 9.2 տոկոսով:
Բացի այս` կարագի գներն են շարունակում բարձրանալ: Ըստ ԱՎԾ-ի` մարտին, փետրվարի համեմատ, կարագը թանկացել է 1.8 տոկոսով: Ինչի հետեւանքով յուղերն ու ճարպերն էլ են թանկացել` 1.5 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ձկան եւ ծովամթերքի գները մարտին, փետրվարի համեմատ, բարձրացել են 1.2 տոկոսով, իսկ անցած տարվա մարտի համեմատ` 12.7 տոկոսով: Պարզվում է` Հայաստանում մարտին, փետրվարի համեմատ, հյուրանոցային ծառայությունների սակագներն աճել են 0.4%-ով: Օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագները աճել են 4.5 տոկոսով: Իսկ ահա առողջապահության ծառայությունները բարձրացել են 2.5 տոկոսով:
Սյունէ Համբարձումյան