Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կրկին սկսել են մեղադրել իրար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը միջազգային մամուլի էջերից սկսել են միմյանց մեղադրել Ղարաբաղյան խնդրի լուծման չգնալու եւ ստատուս-քվոն պահպանելու մեջ:
Ալիեւը ռուսական «ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանը չի ցանկանում փոխել ԼՂ առկա ստատուս-քվոն: «Հայտարարությունների մակարդակում Հայաստանը պնդում է, թե ցանկանում է բանակցություններ վարել: Իրականում, սակայն, զբաղված է դրանց իմիտացիայով: Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի փակ շրջան ստեղծվի, եւ այս ամենը վերածվի անվերջ մի գործընթացի: Դա ո՛չ մեզ համար է ընդունելի, ո՛չ էլ միջազգային հանրության: Ադրբեջանական հողերի դեօկուպացիան առաջին քայլն է հակամարտության փուլային կարգավորման ճանապարհին: Այդ կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա»,- ասել է նա` կոչ անելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին այս հարցում ակտիվ գտնվել,-մեզ հակամարտության կարգավորում է անհրաժեշտ»:

Միաժամանակ Սերժ Սարգսյանն էլ Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող անգլալեզու Gulf News օրաթերթի եւ «Global FDI reports» գործակալությանը համատեղ հարցազրույց է տվել ու պնդել, թե անցած 10 տարիներին Հայաստանը շարունակել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղված ջանքերը, Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության ապահովմանը: «Չնայած մեր բոլոր ջանքերին եւ բարի կամքի դրսեւորմանը, որին աջակցում էին այս հարցում հիմնական միջնորդական ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, դեռ երկար ճանապարհ ունենք գնալու: Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց ի վեր թյուրընբռնման մեջ է իր նավթային գումարների պատճառով եւ խնդրի կարգավորման հարցում շարունակում է պահպանել առավելապաշտական տեսակետները»,- ասել է Սարգսյանը:

Առաջին դեպքը չէ, երբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը միմյանց հասցեին նման մեղադրանքներ են հնչեցնում` փորձելով իրար վրա գցել խնդրի կարգավորված չլինելու պատասխանատվությունն ու ձեւացնելով, թե կողմնակից են հակամարտության լուծմանը: Բայց արի ու տես, որ իրականությունն այլ է. երկուսն էլ հայտարարություններից այն կողմ չեն անցնում եւ ԼՂ խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ գործնական քայլեր չեն կատարում: Սա երկու երկրների իշխանություններին էլ ձեռնտու չէ, այլապես, հավատացեք, քաղաքական կամքի առկայության դեպքում այս խնդիրը լուծված կլիներ:




Լրահոս