ԷԼԻ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա կիրակի Գեղարքունիքի մարզի երկու համայնքներում տեղի կունենան գյուղապետի եւ ավագանու ընտրություններ: Եւ գուցե դրանք հետաքրքիր չլինեին, եթե անցած կիրակի Դարանակում չգրանցվեին խայտառակ ընտրություններ, ու, ի վերջո, չեղյալ չհայտարարվեր դրանց արդյունքը:  Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական երկու թեկնածուները` այդ թվում եւ գործող գյուղապետը, ընտրություններից մի քանի օր առաջ 50-ից ավելի մարդկանց էին տարել եւ գրանցել գյուղում: Բայց քանի որ քվեաթերթիկները նախապես էին տպագրված եղել, դրա համար էլ գյուղի «նոր բնակիչները» հնարավորություն չէին ունեցել ընտրություն կատարել: ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանն էլ կանգնել էր ընտրատեղամասի մոտ եւ թույլ չէր տալիս «այլախոհներին» ներս մտնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, չի բացառվում, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը լրջորեն զբաղվի Դարանակի ընտրությունների հարցով:Բայց մինչ այդ երեկ մենք զրուցեցինք Գեղարքունիքի տեղեկացված բնակիչներից մի քանիսի հետ եւ պարզեցինք, որ համայնքներում ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է: ՀՀԿ-ն այդպես էլ չի հստակեցնում իր դիրքորոշումը, թե որ համայնքում ում է սատարում: «Տեղերում էլ ՀՀԿ-ի մանկլավիկները «դուխ են տալիս» ՀՀԿ-ական գյուղապետերին կամ թեկնածուներին, որոնք էլ սկսում են տարբեր ապօրինությունների դիմել` իշխանությանը իրենց թիկունքին ունենալով: Արդյունքում գյուղացիներն էլի իրար դեմ են դուրս գալիս, թշնամանում են: Մարդ արդեն զզվում ա էս ընտրություններից»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզի ՀՀԿ-ականներից մեկը: Գրեթե նմանատիպ մթնոլորտում այս կիրակի տեղի կունենան նաեւ Կութ համայնքի ավագանու ընտրությունները, որտեղ, ըստ ԿԸՀ-ի տվյալների, գրանցված են 3 թեկնածուներ` Արարատ Չիտչյանը եւ Անժելա Վարդանյանը ՀՀԿ-ից եւ անկուսակցական Իրինա Գրիգորյանը: 3 թեկնածու էլ գրանցված է Արփունքի ավագանու ընտրություններում, եւ 3-ն էլ անկուսակցական են` Արայիկ Խաչատրյան, Յուրիյ Հովհաննիսյան եւ Վախթանգ Խաչատրյան: Նույն օրը Արփունքում տեղի կունենան նաեւ համայնքի ղեկավարի ընտրություններ: Գյուղապետի երկու թեկնածուներն էլ այս գյուղում Հանրապետական կուսակցության անդամներ են` Արթուր Դանիելյան ու Սարգիս Ասլանյան: Տեսնենք, թե ինչ կլինի այս անգամ:ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս