Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ-2012-ի Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպումը: Տոմսերի վաճառքը սահմանափակվելու է. մեկ անձը 4-ից ավելի տոմս չի կարող գնել, եւ դրանց գնման ժամանակ անձնագրի առկայությունը պարտադիր է: Նկատենք, որ այս աննախադեպ կարգը անգամ Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ չէր ներդրվել: Այն պայմանավորված է անվտանգության խնդիրներով, որպեսզի անկոչ հյուրերի ձեռքը տոմս չընկնի եւ խաղի ժամանակ մարզադաշտում ինչ-որ խնդիր չլինի: Հայտնի է, որ ՌԴ հավաքականի գլխավոր հովանավորը «Գազպրոմ» ընկերությունն է, որի բարեհաճությունից է կախված Հայաստան մտնող գազի վերջնական սակագինը: Այնպես որ եթե մերոնք պատահաբար վազեն ֆուտբոլի դաշտում եւ անգամ դարպաս գրավեն ու մի բան էլ հաղթեն, գուցե Հայաստանի համար լավ չլինի: Չնայած մյուս կողմից էլ չպետք է մոռանալ, որ սպորտային խաղերը վաղուց դարձել են քաղաքական որոշումների կայացման հենք: Հայ-թուրքական հարաբերությունները եւս սկիզբ առան ֆուտբոլային դիվանագիտությամբ:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ