Դիվերսիա՞, թե՞ համաձայնեցված քայլ. ով է ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի այլընտրանքային թեկնածուն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ԳՄ անդամներից արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ հայտարարել է, թե իրենց կուսակցությունում վարչապետի մի քանի թեկնածություն է քննարկվել, եւ երբեմն այդ քննարկումները թեժ են եղել: «Նախկինում էլ եմ առիթ ունեցել նշելու, որ յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու: Բնականաբար, ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել եւ չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու: Սակայն, բնականաբար, հաշվի առնելով առկա մարտահրավերները, մենք որոշակի որոշումներ ենք կայացնում»,- ասել է նա` առանց մանրամասնելու, թե Սերժ Սարգսյանից բացի` ովքե՞ր են եղել ՀՀԿ վարչապետի թեկնածուները: Հարությունյանը միայն նշել է, թե ՀՀԿ ներսում քննարկումները եղել են թեժ: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ կուսակցության ներսում այդ քննարկումերը բավականին բաց, երբեմն նաեւ թեժ են եղել։ Դետալների մասին, իհարկե, չեմ խոսելու, որովհետեւ դրանք ներքին կուսակցական գործընթացներ են»:

Հատկանշական է փաստը, որ մինչեւ հիմա ՀՀԿ-ականները պնդում էին, թե Սերժ Սարգսյանն է իրենց միակ ու անփոխարինելի թեկնածուն, թե իրենց մտքի ծայրով անգամ չի անցնում վարչապետի պաշտոնում որեւէ այլ անձի անուն մտածել, ուր մնաց` քննարկել: Ինչպես հիշում եք` նախօրեին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն հայտարարել էր. «Կարծում եմ` պարզ է, թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն, որովհետեւ այլ անուն մենք չենք քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, եւ կարծում եմ` որեւէ մեկի մտքով չի էլ անցել: Մենք բոլորս միահամուռ վստահում ենք մեր կուսակցության նախագահին…»:

Բայց հիմա Դավիթ Հարությունյանը հրապարակայնորեն «սխալ է հանել» Շարմազանովին` պնդելով, որ ոչ միայն ՀՀԿ-ականների մտքով անցել է ուրիշ թեկնածուի անուն, այլեւ բարձրաձայն քննարկվել է դա: Եթե Դավիթ Հարությունյանն այս հայտարարությունները չի համաձայնեցրել Սերժ Սարգսյանի հետ, ապա երեկ տեղի ունեցածը կարելի է համարել նույնիսկ դիվերսիա: Ի վերջո, ՀՀԿ-ում գնալով խորանում են անձի պաշտամունքի դրսեւորումները. պատահական չէ, որ երիտասարդ հանրապետականները Սերժ Սարգսյանին անգամ իրենց հայր են անվանել (հիշում եք ՀՀԿ խոսնակի հայտնի ձեւակերպումը` ՀՀԿ-ն մեկ ընտանիք է եւ ունի մեկ հայր` Սերժ Սարգսյան): Ու այդ առումով Դավիթ Հարությունյանի խոսքերը կուսակցական գծից դուրս էին: Չի բացառվում` նաեւ Դ. Հարությունյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է գնացել այս քայլին, հատկապես «Ֆրիդոմ հաուզ» իրավապաշտպան միջազգային կազմակերպության վերջին զեկույցից հետո, երբ ՀՀ-ն համարել էին ավտորիտար:




Լրահոս