Կառավարությունը որոշեց լուծարել Տիգրան Սարգսյանի ստեղծած տխրահռչակ ընկերությունը. իսկ ո՞վ է պատասխան տալու միլիոնները մսխելու համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառարավարությունը մտադիր է լուծարել դեռ 2011թ. իր իսկ ստեղծած «Հայկական միրգ» ընկերությունը: Այդ մասին որոշման նախագիծն արդեն ներկայացված է քննարկման: Որպես լուծարման հիմնավորում նշված է, թե ընկերությունը «չի կարող կայուն լինել այն ձեւով, որով նախագծված է եւ իրականացվում է, ինչպես նաեւ հավելյալ ռեսուրսների տրամադրումը գոյություն ունեցող ծրագրին կլինի ֆինանսական միջոցների ուղղակի վատնում»:

«Հայկական միրգ» ընկերության մասին քիչ, թե շատ տեղեկացաված ցանկացած անձ կարող է միանշանակ պնդել, որ կառավարության քայլն առավել քան հիմնավոր է, ավելին՝ իրավիճակը նկարագրելիս` բավական մեղմ ձեւակերպումներ են օգտագործված: Բանն այն է, որ այս ընկերությունն իր գոյության յոթ տարիների ընթացքում պարզապես եղել է մի խումբ մարդկանց համար հարստություն դիզելու անսպառ աղբյուր, բնականաբար, պետական բյուջեի եւ վարկային միջոցների հաշվին: Բավական է միայն հիշել 2014-2015թթ ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի զեկույցները, երբ ստուգումների արդյունքում այս ընկերությունում հայտնաբերվել էին միլիոնավոր դրամների չարաշահումներ, գումարների վատնումներ, անարդյունավետ ծախսեր: Օրինակ` «Հայկական միրգն» ավելի քան 460 հազար դոլար վճարել էր ծիրան աճեցնելու համար Զիմբաբվեից հրավիրված խորհրդատուին. փաստաթղթերով էին վճարել, բայց իրականում այդ գումարը ոմանց ձեռքի ճարպիկ շարժման արդյունքում հայտնվել էր բարձրաստիճան պաշտոնյաների գրպանում:

Ու չնայած բացահայտված չարաշահումներին, որեւէ մեկն այդպես էլ պատասխանատվություն չի կրել իր արածի համար: Անգամ որեւէ քրեական գործ չհարուցվեց «Հայկական միրգ» ընկերության ղեկավարների եւ նրանց թիկունքում կանգնած անձանց դեմ: Եւ հիմա միլիոնավոր դրամների չարաշահումների հեղինակները՝ այս ընկերության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, շարունակելու են անպատիժ մնալ նաեւ ընկերության լուծարումից հետո` վայելելով գումարները:

Ի դեպ, հիշո՞ւմ եք՝ ում նախաձեռնությամբ ստեղծվեց տխրահռչակ այս ընկերությունը, ո՞վ էր կանգնած այդ ամենի թիկունքում: Այո՛, այո՛, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը հերիք չէ` հողին հավասարեցրեց երկրի տնտեսությունը, հետո էլ սկսեց վարկային միջոցներն ուղղել նման արկածախնդրությունների, ավելի ճիշտ՝ փող աշխատելու միջոցի: Ու հիմա Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին այս ամենի համար պատասախան տալու փոխարեն մեկնել է «խոպան»՝ ԵԱՏՄ կոլեգիայի ղեկավարի պաշտոնում վայելելու միլիոնները:

«Միայն գողություն, Շուրա»,- համոզում էր հայտնի Պանիկովսկին: «Միայն կողոպուտ»,- հակառակվում էր Շուրա Բալագանովը: Սա հիշեցինք պատահաբար:




Լրահոս