ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետից նախագահ հիմա նախագահից նորից վարչապետ… էս վիճակից չե՞ք հոգնել. Արամ Սարգսյանը` Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում քիչ անց տեղի կունենա վարչապետի ընտրություն: Մինչ այդ ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը` նշելով.

«Ես չեմ կարող հայտարարել, որ տեսանելի ապագայում այն բոլոր խնդիրները որ դուք նշեցիք, մոտ ապագայում ի սպառ վերացվելու են և մեր երկիրը վերածվելու է դրախտի: Հենց այս պրոբլեմների առակայությունն է մեզ բերել նաև Սահմանադրական փոփոխությունների իրականացման: Նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ուժերը կենտրոնացնել պրոբլեմների վրա: Այո, մեր արյունահոսող վերքն արտագաղթն է, որը հատուկ է ոչ միայն մեզ՝ նաև Արևմտյան Եվրոպային: Խնդիրն մեր դեպքում այն է, որ մեր ներուժը կարող է հասնել մի կետի, որ բավարար չլինի սահմանների ապահովման համար»:

Ելույթից հետո մտքերի փոխանակում եղավ: Ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը:

«Նախ անդրադառնամ եղբորս` Վազգեն Սարգսյանի խոսքերը հիշելուն: Ասեմ, որ եղբայրս շատ ուրիշ և շատ ավելի կարևոր բաներ էլ է ասել, որոնք արժի, որ հիշի Հանրապետականը, որոնք երբեմն Հանրապետականն էլ է ասում, որ ինքն էլ է դա անելու, միանալու է 21-րդ դարը մերն է լինելու կոչին: Խոսքս վերաբերում է զարգացող Հայաստան ունենալու կոչին: Արդյոք էն Հայաստանը, ինչը որ էսօր կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստանն է: Վազգեն Սարգսյանը 96 թվականից հետո հետևություններ արեց. 99 թվականին նա մեկ տարի առաջ իր քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանին երկու ամսով խնդրեց իր հետ դաշինք կնքել, որպեսզի կարողանա Ազգային ժողովի ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանա: Ի՞նչ է անում էսօրվա′ Հանրապետականը: Դե ասա, չէ, չենք տվել տասը հազար դրամ: Նույն բանը ասում եք կոռուպցիայի մասին` չկո կոռուպցիա, տասը հազար դրամ չենք բաժանել: Բաժանել էինք, ձեռքները բռնեիք, մի հատ նկարեիք: Դե, կարող եք ասել. ասեք` դրանից բա՞ն է փոխվում: Ժամանակին ասում էիք, որ գաղջ մթնոլորտը ցրել է պետք: Ցրեցի՞ք էդ գաղջ մթնոլորտը: Ասում էիք, որ անվստահության պատերը քանդել է պետք, քանդվա՞ծ է էդ անվստահության պատը: Էդ անվստահության պատերը այ հե′նց հիմա էս շենքի դիմաց դրված են: Որևէ մեկը չի խոսում էդ մասին: Հիմա ի՞նչ է կատարվում Հայաստանում. կարծես Հայաստանը էս դահլիճն է. էս դահլիճից դուրս Հայաստան չկա: Չէ ժողովուրդ, Հայաստանը ելք ունի, եթե էս դահլիճում չի, ելքը նաև դրսում է, ելքը նաև էս դահլիճում է: Եթե մենք դրանից հետևություն չենք անում, ոչ մի 21-րդ դար էլ մերը չի լինելու: Ասում եք, որ Ձեր փորձը փոխանցելու եք ապագա երիտասարդ սերունդին. բա էսքան տարի իշխանության մեջ եք, բա փոխանցեիք… էնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է: Այ էս է էսօրվա վիճակը: Վերջ ի վերջո ուզում եմ հարցնել` վարչապետից նախագահ, նախագահից նախագահ, հիմա նախագահից նորից վարչապետ… էս վիճակից չե՞ք հոգնել էսքան տարի: Ես, օրինակ, լսեցի Ձեր ելույթը. Ձեր նախկին ելույթը, որում ասում էիք` երրորդ ժամկետ գնալու խնդիրը ճիշտ չեք համարում: Դուք Ձեր որոշումը` վարչապետ գնալու, կայացրել եք ոչ թե նրա համար, որ Ձեր ընկեր հանրապետականներն են խնդրել, այլ կայացրել եք, որովհետև Եվրասիական միության Ձեր ընկերներից ոչ մեկը չի փոխվում:

Որովհետև համարել եք, որ Դուք իրենցից ոչ մեկից չեք տարբերվում: Եվ վերջին բանը. իսկապես ես գտնում եմ, որ կառավարական էդ դաչան որ կա, Ձեզնից հետո էլի վարչապետ է լինելու, թողեք էդ մարդիկ գան էնտեղ ապրեն: Ինչո՞ւ եք մնացել էնտեղ: Ազգային անվտանգության շենքում բան կար, հիշում եմ` ուզում էիք. գնայիք էնտեղ, էլի: Ձեզնից առաջ էդքան ղեկավարներ են էղել, ոչ մեկ չի մնացել, ինչո՞ւ եք էն բաներն անում, որ էսօր հանրությունն էս վիճակում լինի: Նորից եմ խնդրում Ձեզ բոլորիդ. էստեղ բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք. յուրաքանչյուրս ունենք քվե` գնված, թե չգնված, ունենք բարեկամներ. էն, ինչ տեղի է ունենում էսօր փողոցներում, մեզանից յուրաքանչյուրի մեղքն է: Մենք չենք կարող դա հաշվի չառնել: Ելք կա. հետևություն կանենք, լավ է, հետևություն չենք անի` նորից նույն մարտի մեկեր կլինեն»:




Լրահոս