Մերժվածը հավակնեց. Անգամ Ռոբերտ Քոչարյանը իրավահաջորդ կարգեց, իսկ Սերժ Սարգսյանը… խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը դեռ մինչեւ վերջերս հավաստիացնում էր, թե չի հավակնում վարչապետի պաշտոնին: Հիշում եք այս տարվա մարտի 19-ի հայտարարությունը, երբ ըստ էության կրկնեց 2014թ. հայտնի խոսքերը երկրի առաջին դեմքին պաշտոնին չհավակնելու մասին, բայց իրականում տողատակում բացահայտ հասկացնելով, որ ոչ միայն հավակնում է, այլեւ իր վարչապետությանն այլընտրանք չկա: Այսքան երկար «չհավակնելուց» հետո Սերժ Սարգսյանը վերջապես համաձայնել է դառնալ վարչապետ:

Բայց պաշտոնական «այո»-ն հնչեցրել է ռուսական մամուլի էջերում: Մասնավորապես նա հարցազրույց է տվել «Իզվեստիա» թերթին` ասելով. «Ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել»: Այնուհետեւ նա ասել է. «Բայց ոչինչ հավերժ չէ: Այդ պատճառով, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, իմ մյուս պարտականություններին զուգահեռ ես պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որ կուտակել եմ տարբեր պաշտոններում այս տարիների ընթացքում: Դա շատ կարեւոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան ե՛ւ ՀՀԿ շարքերում, ե՛ւ կուսակցությունից դուրս»:

Սկսենք նրանից, որ վարչապետ դառնալու պատրաստակամության մասին օտարերկրյա լրատվամիջոցի էջերից հայտարարելը վայել չէ ինքնիշխան պետության ներկայացուցչին: Չնայած, եթե նկատի ունենանք փաստը, որ Հայաստանում հասարակության մեծամասնությունը մերժում է Սերժ Սարգսյանին եւ դեմ է նրա հետագա պաշտոնավարմանը, նման քայլը կարելի է «արդարացված» համարել: Եւ իր այս քայլով Ս. Սարգսյանն ընդունեց, որ ինքն օտարված ու մերժված է հայ հասարակությունից: Մյուս կողմից տարակուսանք են հարուցում նրա հայտարարությունները, թե վարչապետ դառնալուց հետո մտածելու է երիտասարդ գործիչների, ասել է, թե իրեն իրավահաջորդ պատրաստելու մասին: Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞ւ այս ամենը Սերժ Սարգսյանը չարեց ավելի վաղ՝ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում, ի՞նչն էր նրան խանգարում: Թե՞, այնուամենայնիվ, դժվար է իշխանությունից հեռանալը եւ որոշել է պաշտոնավարել «մինչեւ վերջ» /Գալուստ Սահակյանի ականջը կանչի. ասում էր՝ Սերժ Սարգսյանը պետք է լինի մինչեւ վերջ/:

Մեկ փաստ էլ. 1998թ. պետական հեղաշրջմամբ իշխանության եկած, հոկտեմբերի 27-ի արյունահեղությունից հետո իշխանությունն ամրապնդած եւ մարտի 1-ի ոճրագործությամբ հեռացած Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, իր մեջ ուժ գտավ իշխանությունը Ս. Սարգսյանին` որպես իր իրավահաջորդի, փոխանցելու հարցում: Բայց Ս. Սարգսյանը չի կարող նույնկերպ վարվել` հավանաբար, աչքի առաջ ունենալով իր օրինակը, թե ինչպես վարվեց Քոչարյանի հետ:




Լրահոս