Սերժ Սարգսյանը բացահայտել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների նվազման պատճառները: Ըստ այդմ, ներդրողները Հայաստան չեն գալիս այստեղ կազմակերպվող ցույցերի պատճառով: «Քանի՞ հանգիստ տարի ենք ունեցել։ Էս տասը տարիների ընթացքում, ես նկատի ունեմ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին անկայունություն, միակ տարին է երեւի 17 թվականը, երբ որ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարող էին տուրիստները գալ Երեւան, ներդրողներ կգային, ներդրումներ կանեին…»,- հայտարարել է նա «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Մեր ժամանակների դասականն այս ամենին կարձագանքեր իր հայտնի արտահայտությամբ. «Իյա, իրո՞ք»:
Հետաքրքիր է` Սերժ Սարգսյանը չգիտի՞, թե մարդիկ ինչու են «փողոցներում միտինգներ» անում: Փորձենք հուշել. այն պարզ պատճառով, որ իշխանություններն ամեն անգամ կեղծել են ընտրությունների արդյունքները` այդպես հարուցելով հասարակական դժգոհություններ:
Ի դեպ, կարո՞ղ է Սերժ Սարգսյանը պատահաբար տեղյակ լինի, թե ո՞ւմ համար կեղծվեցին նախագահական վերջին երկու ընտրություններ, ո՞վ այդ ամենի արդյունքում հայտնվեց պետության ղեկավարի պաշտոնում: Իսկ միգուցե պատահաբար տեղյակ լինի, թե ո՞ւմ համար կեղծվեցին նաեւ վերջին տարիների խորհրդարանական ընտրությունները, ո՞ր կուսակցությունն այդ կեղծիքներից հետո ԱԺ-ում ունեցավ մեծամասնություն: Ո՞ւմ համար կեղծվեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները, ո՞վ հնարավորություն ստացավ դրանից հետո երկարաձգել իր անձնական իշխանությունը` արդեն վարչապետի պաշտոնում (նոր Սահմանադրությամբ փաստացի պետության ղեկավարի դերում): Պարզվում է (զարմանալի զուգադիպությամբ)` այդ բոլոր կեղծիքներն արվել են հենց նույն Սերժ Սարգսյանի եւ նրա ղեկավարած ՀՀԿ-ի համար: Ու ստացվում է` ներդրողներին Հայաստանից վանողը ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը (իր ղեկավարած ՀՀԿ-ով հանդերձ), ում պատճառով տարիներ շարունակ «փողոցներում միտինգներ» են կազմակերպվում: Համենայն դեպս, հենց նա է իր գործողություններով դրդել հանրահավաքներ կազմակերպել:
Նաեւ Հայաստանում «փողոցներում միտինգներ» են արվել այն պատճառով, որ ժողովուրդը դժգոհ է եղել իշխանությունների վարած քաղաքականությունից` փորձելով բողոքի ձայն բարձրացնել: Իսկ ուրիշ ի՞նչ անեին մարդիկ, երբ իշխանությունների թեթեւ ձեռքով բարձրացան հոսանքի եւ գազի սակագները, բարձրացան հարկերը, փորձ արվեց բարձրացնելու Երեւանում տրանսպորտի ուղեվարձը: Հասարակությունն ի՞նչ աներ` համակերպվեր ու լռությամբ տանե՞ր սոցիալական նոր բեռը, թե՞ գներն ավելի խստացնելու աղերսագրեր հղեր առ իշխանություններ: