«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է՝ արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում շարունակվող բողոքի ցույցերի` նման մասշտաբներն իշխանությունների համար անսպասելի էին, եւ հիմա նրանք խիստ անհանգստացած են հետագա զարգացումներից: Պատահական չէ, որ արդեն երրորդ օրն է` իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ խոսում են ընդդիմության հետ երկխոսության գնալու անհրաժեշտության մասին: Այս մասին խոսք է գնացել անգամ երեկ Սերժ Սարգսյանի հետ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպման ժամանակ:
«Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ այս օրերին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վրա իշխանությունները փորձում են ազդել նաեւ ամենատարբեր միջոցներով: Մասնավորապես նրա շրջապատի անդամների միջոցով փորձելու են համոզել՝ դադարեցնել հանրահավաքներն ու բողոքի ակցիաները եւ երկխոսության նստել: Անգամ այս գործին խառնվել են Արցախից. տարբեր հայտնի դեմքեր իրենց հերթին պայքարը դադարեցնելու եւ երկխոսության առաջարկ-միջնորդություններով են հանդես եկել: Միայն թե, մեր աղբյուրների փոխանցմամբ, նաեւ արցախյան բանագնացներին առայժմ չի հաջողվում համոզել Փաշինյանին: Իսկ երեկ արդեն հանրահավաքում նա հրապարակել է օրակարգային հարցերը, որոնց շուրջ իշխանությունների հետ երկխոսության կգնա՝ վարչապետի հրաժարական, նոր վարչապետի ընտրություն, ժամանակավոր կառավարության ձեւավորում, որից հետո քաղաքական պայմանավորվածության համաձայն` Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, եւ Սահմանադրության համաձայն` իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ հրաժարականի եւ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին խոսք գնացել է նաեւ Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, սակայն վարչապետը այդ տարբերակի մասով լռել է»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: