ՕՐԵՆՍԴԻՐ ԳԻՆԵԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Արծրունի Աղաջանյանն, ըստ ամենայնի, օրերս կնշանակվի Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գինու եւ կոնյակի գործարանի տնօրեն:Երեկ «Ժողովուրդ»-ը հիշեցրեց Աղաջանյանին, որ վերջերս հայտարարել էր, թե ինքը չի պատրաստվում ԱԺ-ից դուրս գալ, որ իր պոտենցիալը խորհրդարանում ավելի է պետք եւ այլն: Նույնպիսի բովանդակությամբ հայտարարություն էր արել նաեւ ՕԵԿ-ի կողմից նշանակված գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, սակայն խոսքերից երկու օր անց պաշտոնանկ արվեց:  «Ձեր կարծիքը հաշվի չե՞ն առնում Ձեր ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելիս»,-հարցրինք Արծրունի Աղաջանյանին: «Ուրիշ զուգահեռներ եք անցկացնում: Ես կուսակցության մեջ նոր մարդ չեմ: Իմ եւ կուսակցության որոշումները միշտ համատեղ են եղել»,-պատասխանեց առայժմ պատգամավոր Աղաջանյանը:Երեկվա մեր զրույցից պարզվեց նաեւ, որ օրենսդրական աշխատանքը Աղաջանյանին այդքան էլ դուր չի գալիս: «Գործադիրում աշխատում ես, արդյունք է տալիս, ԱԺ աշխատանքը ավելի շատ կոալիցիոն աշխատանք է, օրենք ես ընդունում, բայց չի գործում… բոլոր դեպքերում արել եմ հնարավոր ամեն ինչ»,-շտապեց հայտարարել մեր զրուցակիցը: Նրա խոսքերով իր համար բավականին հաճելի է գինու, կոնյակի գործարանի տնօրեն դառնալը: Թեեւ նա մասնագիտությամբ գինեգործ չէ, բայց վստահ է, որ գլուխ կհանի. «Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ: Բայց դեռ չեմ ասել, որ գինեգործության ոլորտում եմ աշխատելու: Եթե աշխատեմ էլ, կառավարչական գործեր եմ անելու: 15 տարվա տնտեսական աշխատանքի փորձ ունեմ: Եղել եմ գործարանի տնօրեն, եւ ինձ ավելի լիարժեք կզգամ, քան Աժ-ում»:«Իսկ չե՞ք տխրելու, որ այլեւս Եվրախորհրդարանում Հայաստանը չեք ներկայացնելու, եվրոպաներ չեք գնալու»: «Չէ, չեմ տխրել, որովհետեւ իմ հնարավորությունների շրջանակներում ամեն ինչ արել եմ»: «Այսինքն` Հայաստանի եվրոպականացման համար արված Ձեր քայլերը բավարա՞ր եք համարում»: «Կարծում եմ, որ իմ քայլերը բավարար են եղել: Ավելի մեծ չէի կարող` լեզվի իմացության հետ կապված խնդիրներ կային»: Վերջում պարոն Աղաջանյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե իր փոխարեն ով է լինելու խորհրդարանում: Պարզվեց, որ չնայած ցուցակի հերթականությանը, ՕԵԿ-ում չգիտեն իրենց նոր պատգամավորի անունը: «Դեռ որոշում չկա, մեխանիկորեն չեն լինում պատգամավոր: Պիտի տեսնենք` հաջորդն ովքեր են, զրուցեն, քննարկեն, ներկուսակցական նորմալ աշխատանք է»,-բացատրեց նա: Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը այս օրերին Հնդկաստանում է: Իսկ ինչ վերաբերում է ՕԵԿ ընտրացուցակի հաջորդ երեք ներկայացուցիչներին, ապա նրանցից «առաջին տեղում» թիվ 195 մսուր մանկապարտեզի տնօրեն Հեղինե Հակոբյանն է, ապա` նիգավանցի Անդրանիկ Ավետիսյանը` Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի տնօրենը, եւ, վերջապես, Հասմիկ Բաղդասարյանը` Շենգավիթի «Հասմիկ» համատիրության նախագահը:ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս