Իշխող ՀՀԿ-ն` վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, արդեն կախվել է փրփուրներից` իրենց դիրքերը պահելու համար հիմա էլ աջակցություն փնտրելով արտերկրում:
Պատահական չէ, որ երեկ Մոսկվա են մեկնել ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը եւ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը: Բացի այդ` վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ է հեռախոսազրույց ունեցել: Միայն թե դատելով հեռախոսազրույցի բովանդակությունից` այն իշխանությունների համար, մեղմ ասած, հիասթափեցնող էր: Պուտինի հետ եղել է ընդհանրական բնույթի խոսակցություն, որ հայաստանյան ճգնաժամը բացառապես իրավական դաշտում, Սահմանադրության շրջանակներում պետք է լուծել:
Երեկ նաեւ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն է անդրադարձել հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին` հայտարարելով. «Մենք համարում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է: Ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ` ընդգծելով, թե դա ՀՀ ներքին գործն է, ասել է. «Մենք կոչ ենք անում կողմերին խոհեմություն եւ պատասխանուտու մոտեցում դրսեւորել սահմանադրական դաշտում` այդ հարցին լուծում գտնելու համար»: Դատելով ռուս պաշտոնյաների հայտարարություններից` ՌԴ իշխանությունները դյուզն-ինչ չեն փորձել աջակցել Հայաստանում համաժողովրդական մերժման արժանացած եւ արդեն հեռացող իշխանությանը: Ընդհակառակը, համաժողովրդական շարժման առաջին օրից սկսած ՌԴ իշխանությունները նման պահվածք են ցուցաբերել:
Բայց ամենաուշագրավն այստեղ իշխանության ղեկին հայտնված անձանց, մասնավորապես Կարեն Կարապետյանի պահվածքն է: Փաստ է, որ Կարեն Կարապետյանն ու ՀՀԿ-ն հայտնվել են անելանելի դրության մեջ` օրեցօր կորցնելով ազդեցության լծակները Հայաստանում: Եւ այս իրավիճակում առաջին իսկ պահին Կարապետյանն իշխանություն պահպանելու համար շտապում է աջակցություն աղերսել դրսում: Համաձայնեք` ինքնիշխան երկրի ղեկավարի պաշտոնին հավակնություններ ունեցող անձի համար սա, մեղմ ասած, ամոթալի է, եթե ոչ՝ դավաճանական դրսեւորում, երբ արդեն իրեն մերժող ժողովրդի վրա դրսից «տղա է բերում»: Բայց դե, Կարապետյանին այսօր մերժում է ոչ միայն ժողովուրդը, այլեւ ՀՀԿ մի մասը, թեեւ ինքն այդ կուսակցության առաջին փոխնախագահն է:
Մեկ հավելում էլ. Մոսկվայից եկած վարչապետից այլ բան չէր կարելի սպասել. նրա համար Հայաստանը խոպան է, որտեղ կարելի է ժողովրդի ու պետության հաշվին շարունակել հարստանալ եւ վերջ: