«Արմենիա» հանրապետական հիվանդանոցի նախկին բուժքույր Լեյլի Իվանյանի հայտարարությունները հրապարակելուց առաջ տեւական ժամանակ երկմտում էի, զանգահարեցի ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, ուր նույնպես` հանցագործության մասին հաղորդումով, դիմել էր այս կինը, խոսեցի «Արմենիա» հանրապետական հիվանդանոցի իրավաբան Գոհար Եսոյանի հետ: Բոլոր տեղերից խորհուրդ տվեցին ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող այս կնոջ ասածներին լուրջ չվերաբերել` ակնարկելով, որ «Արմենիա» հանրապետական հիվանդանոցում որպես բուժքույր 35 տարի աշխատած կինը հոգեկան շեղումներ ունի: 2006 թվականին նա աշխատանքից ազատվել էր վստահություն չներշնչելու հիմքով: Որոշ ժամանակ անց Լեյլի Իվանյանը գտավ մեզ եւ պահանջեց տպագրել իր ասածները` ամենայն պատասխանատվությամբ հայտարարելով, որ ունի փաստեր եւ ապացույցներ. «Ունեմ, ասել եմ, ասում եմ ու շարունակում եմ ասել, էլ հետ չեմ կանգնելու, էդ մասին դատախազությունն էլ գիտի, գլխավոր դատախազն էլ, էն օրն էլ բռնացրի, ասի` խի չե՞ք պատասխանում: Իր թիկնապահը եկավ, ասացի լավ եմ անում, ինչի չի իմ դիմում-բողոքներին հետամուտ լինում: Կարող ա ես սուտ եմ ասում, թող կանչի պատասխանատվության, եթե ես սուտ եմ»,-ասաց Լեյլի Իվանյանը:Նրա պատմածների ժամանակագրությունը, որ վերաբերում է մինչեւ 2006 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածին, խիստ մեծ «ամպլիտուդով» է` հիվանդանոցում կենցաղային-տնտեսական չարաշահումներից մինչեւ վերակենդանացման բաժանմունքի մասին ֆիլմ-սարսափ հիշեցնող պատմություններ: Դրանք տիկին Լեյլին վերնագրել է:ՀԻՎԱՆԴԱՆՈ՞Ց, ԹԵ՞ ՍՊԱՆԴԱՆՈՑՀիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք. բժիշկները հերթապահության ժամանակ քնում են: Արհեստական շնչառական հիվանդին ուշադրություն չեն դարձնում, եթե պետպատվերով է ու փող չունի: Ըստ բացատրության` սիստեմային կամ արհեստական ապարատին միացված հիվանդները կարող են մահանալ, քանի որ եթե ապարատը տաքանում է, մեխանիկորեն անջատվում է, եւ հիվանդը մահանում է: Օր է եղել` 8 հոգի է մահացել, որոնց մահվան պատճառներում, բնականաբար, բժիշկների մեղքը նշված չէ: Ինչ-որ մի պահից տիկին Լեյլիի պատմությունը արդեն սկսում է դետեկտիվ ժանր հիշեցնել. երբ ինքը պահանջել է պարբերաբար չստացված աշխատավարձը, սկսվել են իր նկատմամբ հալածանքներ. «Իմ հիվանդների կա՛մ սիստեմաներն են միտումնավոր անջատել, կա՛մ շնչառական ապարատները, որպեսզի մահանան, եւ իմ վրա «չեպե» լինի: Բախտս բերել է, որ հիվանդների մոտ բարդություններ չեն առաջացել: 2006 թվականի ապրիլի 18-ին ռեանիմացիայի բաժնի վարիչ Մակարյանը, բղավելով վրաս, ուղարկել է ինձ դեղորայք ստանալու, թեեւ դա իմ պարտականությունը չէր, բացակայությանս ժամանակ իմ հիվանդի` վիրահատված Վարդուհի Ծառուկյանի անաստամոզ արված զոնդը` քթով մինչեւ ուղիղ աղիք, հանվել է, որ նա մահանա, եւ պատասխանատվությունն ընկնի ինձ վրա: Մակարյանը անջատել է նաեւ իմ հիվանդ Փայլակ Խաչատրյանի շնչառական ապարատը, որպեսզի նա մահանա, եւ ապացուցվի, որ ես անգրագետ եմ: 2004 թվականին Մակարյանը միտումնավոր անջատել է կոկորդից վնասված ոստիկան Հայկ Ղալումյանի շնչառական ապարատը, նա մահացել է»,-գրում է Իվանյանը: Այսքանով նրա հաղորդածները չեն սահմանափակվում` մահացած բժիշկ Հովհաննես Ծատուրյան, Վանյա Խաչատրյան, Զեփիր Նարգիզյան, մեկ ուրիշ հիվանդ, որն, ըստ նախկին բուժքրոջ, բժիշկների մեղքով իրեն գցել է հիվանդանոցի լուսամուտից: Զեփիր Նարգիզյանի մահն, ըստ նրա, վրա է հասել, երբ ստամոքսի վիրահատություն տարած կնոջը վերակենդանացման բաժնում միացրել են կաթիլային կալիքլորով գլյուկոզան, որը պետք է 5 րոպեում մեկ կաթիլի չափով կաթեր երակի մեջ, սակայն «մինչեւ վերջ շիթով բացել են, այսինքն` ջրի ծորակի պես միանգամից դեղը ծորացրել են երակի մեջ, ինչի հետեւանքով սիրտը կանգնել է, ու մահացել է»: ՈՐՏԵ՞Ղ ԵՍ ԱՇԽԱՏՈՒՄ ԴՈՒ Որոշ բժիշկներ էլ` Ավագյան, Հախեյան, Կարապետյան, հիվանդների ճնշումն են իջեցնում կամ հիվանդին օգնություն ցույց տալու փոխարեն ժամերով պարզում են, թե որտեղ է աշխատում հիվանդատերը: Իսկ բաժանմունքի վարիչ Սուրեն Մարյանը, բժիշկներ Ավագյանը, Հախեյանը, Կարապետյանը, հիվանդատերերին խաբելով, դեղերի 70-100 հազար դրամանոց ցուցակ են տալիս եւ ուղարկում հիվանդանոցի տարածքի իբր էժան դեղատուն: Իսկ այն իրականում հիվանդանոցի տնօրենի որդու` Անդրանիկ Գրիգորյանի դեղատունն է: Դեղերի մեծ մասն էլ յուրացվում է` հիվանդին չներարկվելով եւ դեղատուն հետ հանձնելով: Դեղերի մեծ ցուցակ են գրում մահացող հիվանդների համար, որ նրանց մահից հետո մնա հիվանդանոցին: Բացի այդ, հիվանդներից փող է պահանջվում յուրաքանչյուր թթվածնի բալոնի համար: ՏՆՏԵՍԱԿԱՆ«Արմենիա» հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը աշխատողների աշխատավարձով հիվանդանոցը սեփականաշնորհել է, բոլորից ստորագրություն վերցրել այն մասին, որ իբր բոլորը փայատեր են, ապա աշխատողների բաժնեմասերը խլել է ու բոլորին ազատել աշխատանքից: Գրիգորյանը աշխատողներին ստիպել է փաստաթուղթ ստորագրել այն մասին, թե իբր 3 տարվա աշխատավարձ են ստացել: Ով պահանջել է, աշխատանքից հեռացվել է: Լավ մասնագետները հեռացվում են, փող տվողները` պահվում, աշխատանքի էլ փողով են ընդունվում ու ընթացքում էլ անընդհատ մուծվում: Բուժաշխատողներից ամեն մի վիրահատությունից նալոգ է պահանջվում: Երիկամների անբավարարությամբ հիվանդ Եղիշ Ղազարյանին վիրահատել են, բայց դուրս չեն գրել, մինչեւ 1000 դոլարը չտա:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ«Ժողովուրդ». Տեղեկացնում ենք, որ վերը ներկայացված տվյալների իսկության համար խմբագրությունը պատասխանատու չէ. դրանք հիվանդանոցի նախկին աշխատակցի պնդումներն են:
ՖԻԼՄ-ՍԱՐՍԱՓԻ ԺԱՆՐԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ