ՀՀԿ-ն նոր իշխանությանը ծանր ժառանգություն է թողնում. մեկ օրում հրաշքներ պետք չէ ակնկալել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաժողովրդական շարժումն այս օրերին անասելի մեծ ոգեւորություն է առաջացրել` միաժամանակ Նիկոլ Փաշինյանից բավական լուրջ սպասելիքներ ձեւավորելով: Սա հիանալի է: Բայց հայտնի փաստ է, որ հաճախ հասարակական ոգեւորությանը հաջորդում է մեծ հիասթափությունը, երբ մարդկանց ակնկալիքներն ամբողջությամբ չբավարարվեն: Այդ վտանգն այսօր իսկապես առկա է Հայաստանում: Հատկապես, եթե նկատի ունենանք, թե նոր իշխանությունն ինչպիսի ծանր ժառանգություն է ստանալու ՀՀԿ-ից:

Բավական է մատնանշել միայն մի քանի փաստ. Հայաստանի արտաքին պարտքը հասել է 7 մլրդ դոլարի, աղքատությունը պաշտոնապես 29.4 տոկոս է, գործազրկությունը` 30 տոկոս: Իրականում, իհարկե, իրավիճակը շատ ավելի վատ է, քան ներկայացված է վիճակագրությամբ: Հայաստանի տնտեսությունը ծայր աստիճան մոնոպոլիզացված է, ընդ որում` այս տարիներին մենաշնորհներն ավելի են արմատացել, քարացել: Այս տարիներին սրվել է ժողովրդագրական վիճակը. շարունակական արտագաղթի, ծնելիության նվազման, բնական հավելաճի անկման հետեւանքով բնակչության թիվը շեշտակի պակասել է:

Այս տարիներին երկրից հեռացել է հիմնական աշխատուժը, տնտեսապես ակտիվ բնակչությունը, ասել է, թե երկրում նյութական բարիք ստեղծողն ու սպառողը: Արմատացած կոռուպցիան երկրի համար դարձել է լրջագույն սպառնալիք. պետական միջոցների չարաշահումների, վատնումների, կոռուպցիայի ծավալների մասին պատկերացում կազմելու համար բավական է թերթել թեկուզ վերահսկողական մարմինների, նույն Վերահսկիչ պալատի հաշվետվությունները: ՀՀԿ իշխանության տարիներին ամբողջությամբ ապականվել է կրթական համակարգը` կուսակցականացվելով եւ վերածվելով ընտրակեղծարարների ոհմակի: Այս ամենին գումարած արդարադատության բացակայությունը, դատական համակարգում անկախության պակասը: Փաստերի շարանը կարելի է երկար, շատ երկար թվարկել: Բայց եղածն էլ բավական է` հասկանալու համար, թե այսօր ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանը, եւ ի՞նչ խնդիրների հետ է բախվելու նոր իշխանությունը:

Ուստի չպետք է պատրանքներ ունենալ, թե իշխանափոխության հաջորդ օրն իսկ Հայաստանում հրաշքներ են լինելու, թոշակներն ու աշխատավարձերն են քառապատկվելու, սակագներն են նվազելու, գործազրկությունն ու աղքատությունն իսպառ վերանալու են: Ոչ: Պարզապես պետք է պահպանել զգոնություն, սառնասրտություն, իրավիճակը սթափ գնահատելու կարողություն եւ ամբողջությամբ լծվել պետականաշինության գործին` հետեւողականորեն մաքրելու ավգյան ախոռները:




Լրահոս