ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ակտիվորեն ավելացնում է իր անձնական գույքը: «Ժողովուրդ» օրաթերթը նրա` 2017 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ անցած տարում 20 մլն դրամով (շուրջ 40 հազար դոլար) գնել է MINI COOPER COUNTRYMAN մակնիշի ավտոմեքենա: Բացի այս` նա 10 մլն դրամով վաճառել է իրեն պատկանող TOYOTA PRIUS 1.8 HYBRID մակնիշի ավտոմեքենան:
Երիտասարդ Հովհաննիսյանի ունեցած 1.5 մլն դրամի չափով դրամական միջոցը ավելացել է` վերածվելով 2 մլն դրամի: Նա որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը` ընդհանուր 12 մլն 441 հազար 69 դրամի չափով, որը ամսական կազմում է 1 մլն 36 հազար դրամ: Նաեւ ստացած փոխառությունները, վարկերը, որոնք կազմել են 10 մլն դրամ: Հավանաբար պատգամավորը վարկ է վերցրել, որպեսզի իր ցանկացած ավտոմեքենան գնի: