2017 թվականին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը պաշտոնատար անձինք յուրացումներ են կատարել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ աղմկահարույց այս քրեական գործում ներգրավված են նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի մտերիմները:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2013-2016թթ. ընթացքում «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մկրտչյանը 19 քաղաքացիների է ընդունել աշխատանքի, սակայն վերջիններս աշխատանքի չեն հաճախել: Իսկ ՊՈԱԿ տնօրենը նրանց անվամբ ձեւակերպել է եւ ստացել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 46 միլիոն 361 հազար 156 դրամ, աշխատավարձի եւ պարգեւավճարների գումարներ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի` յուրացման եւ վատման հատկանիշով հարուցվել է քրեական գործ:
Աղմկահարույց քրեական գործով բավական ուշագրավ հանգամանքներ են բացահայտվել:
Նախ բացի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մկրտչյանից` ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաեւ մանկատան գանձապահ Մարի Խայանը, հաշվապահ Քրիստինա Պողոսյանը, կադրերի բաժնի պատասխանատու Լիդա Սարգսյանը:
Բացի այդ, ըստ պաշտոնական հաղորդագրության` մանկատան տնօրենը 19 քաղաքացիների է ընդունել աշխատանքի, որոնք աշխատանքի չեն հաճախել, եւ դպրոցի տնօրենը նրանց անվամբ ձեւակերպել է եւ ստացել առանձնապես խոշոր չափերով գումար: Սակայն պարզվում է` իրականում այդկերպ աշխատանքի ընդունված քաղաքացիների թիվն ավելի շատ է՝ մոտ 65 հոգի:
Դատարանում էլ գործով 65 վկա է ներգրավված, որոնք հարցաքննվել են իրավապահների կողմից եւ ցուցմունք տվել, թե ով է իրենց ընդունել մանկատանը աշխատանքի, եւ, առհասարակ, երբեւէ գնացե՞լ են մանկատուն աշխատանքի, թե՞ ոչ:
Այսպիսով` ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած հավաստի տեղեկությունների` մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանի կողմից մի քանի տասնյակից ավել քաղաքացիների մանկատանը աշխատանքի ընդունվածների մեջ են եղել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի մտերիմները: Մասնավորապես մանկատանը որպես աշխատող է ընդունվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական վարչությունում հաշվապահ աշխատող Գասպար Ռեւազյանը:
Ավելին` պարզեցինք, որ Ռեւազյանին մանկատանը ձեւակերպել են որպես ծանր երեխաների հետ աշխատող մասնագետ:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. նախարարության աշխատակազմի վարորդները եւս մանկատանը ձեւակերպված են եղել որպես ծանր երեխաների հետ աշխատող մասնագետ: Ի դեպ, նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ նախարարության վարորդները այս կամ այն մանկատանը գրանցված են որպես մասնագետ: Նախկինում իրավապահները պարզել էին, որ Բյուրեղավանի գիշերօթիկում նախարարության վարորդներին ընդունել էին աշխատանքի որպես մասնագետներ:
Հասկանալի է՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ղեկավարած ոլորտում կոռուպցիան աներեւակայելի չափերի է հասել, եւ անգամ մանկատան երեխաների հաշվին են գումարներ աշխատում: Ու հազիվ թե այս ամենն արվի պարոն Ասատրյանի թիկունքում:
Սա Արտեմ Ասատրյանի ղեկավարած ոլորտում միակ աղմկահարույց դեպքը չէ: Այս օրերին ՀՀ քննչական կոմիտեում քննվում է «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում առկա ազատ հաստիքներում ձեւականորեն ձեւակերպվել են տարբեր անձինք, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն հաշվարկվել եւ նրանց անվամբ փոխանցվել են աշխատավարձեր, ինչը կանխիկացվել է եւ տնօրինվել այլ անձանց կողմից, եւ այլ չարաշահումների գործեր, մինչդեռ Ասատրյանը շարունակում է պաշտոնավարել, ասես` այս ամենն իր հետ առնչություն չունի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ