Համաժողովրդական շարժմանը հաջողվեց Հայաստանում փաստացի իշխանափոխություն իրականացնել: Հրաժարական պարտադրվեց Սերժ Սարգսյանին, մարդու, որ դեռ մինչեւ վերջերս անպարտելի էր թվում: Նաեւ հաջողվեց կասեցնել ՀՀԿ-ի հակահեղափոխությունը, երբ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը փորձեց իրենով անել իշխանությունը: Իշխանության ղեկին մնալու ՀՀԿ փորձերն անփառունակ վախճան ունեցան: Կարճ ժամանակ անց համաժողովրդական շարժման հաղթանակը կամրագրվի դե յուրե, երբ ԱԺ-ն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վերջապես ընտրի վարչապետի պաշտոնում, ձեւավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, այնուհետեւ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Համաժողովրդական շարժումը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հաղթեց իր «կիսադաշտում»` հանդես գալով որպես ընդդիմություն:
Ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն իրենց կդրսեւորեն արդեն որպես իշխանություն: Այդ առումով նրանց առաջիկայում բավական լուրջ փորձություններ են սպասվում: Առավել եւս, երբ նոր իշխանությունը ՀՀԿ-ից բավական ծանր ժառանգություն է ստանալու: «Երկիրը շողուլի բերելու», վերջին քսան տարիներին ՀՀԿ իրականացրած ավերածությունները վերացնելու համար նոր իշխանություններից ահռելի ջանքեր կպահանջվեն, որովհետեւ ՀՀԿ-ն քսան տարի շարունակ ավիրել ու քայքայել է ամեն ինչ:
Կպահանջվի նաեւ վճռականություն, նաեւ քաղաքական կամք, նաեւ զգոնություն, նաեւ խելամտություն, նաեւ սթափություն, եւ, որ ամենակարեւորն է՝ պետական մտածողություն: Այսինքն` եթե ընդդիմադիր դաշտում պոպուլիզմը միգուցե հասկանալի է, ապա նույնը չես ասի իշխանությունը ստանձնելուց հետո: Ընդհակառակը, իշխանության ղեկին գտնվող ուժը պետք է առաջնորդվի բացառապես պետական շահերով` սթափ գնահատելով իրավիճակը, կայացնելով կշռադատված որոշումներ, որքան էլ դրանք առաջին հայացքից հասկանալի չլինեն լայն զանգվածների համար:
Բայց այդ որոշումները կայացնելուց պետք է նաեւ երկխոսել հասարակության հետ, բացատրել ու ապացուցել սեփական տեսակետի ճշմարտացիությունը: Քայլ, որը վերջին 20 տարում իշխանություններն այդպես էլ չփորձեցին իրականացնել: Ընդհակառակը, այս տարիներին նրանք գնալով օտարվել էին երկրից ու ժողովրդից: Իսկ եթե անգամ ինչ-որ պահերի ստիպված են եղել երկխոսության մեջ մտնելու, երբեք լսելի չեն եղել, որովհետեւ շատ էին միմյանցից հեռացել:
Այնպես որ, նոր իշխանությունը նախորդի սխալներից պետք է դասեր քաղի` թույլ չտալով դրանց կրկնությունը: