Աղմկահարույց բացահայտումներ ԱԱԾ-ի հայտնաբերած հանցավոր խմբի գործունեությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 21-ին ԱԱԾ-ն հայտնաբերել էր մի խումբ անձանց, որոնք ստեղծել էին հանցավոր համագործակցություն` նպատակադրվելով ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորել: Ըստ այդմ, կալանավորվել է շուրջ 8 անձ:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում` Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների եւ կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաեւ բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր գործադրել ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ եւ հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնել` ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորելու նպատակով: Արդյունքում` 2018 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հանցավոր համագործակցություն ստեղծելու, մասնակցելու, ահաբեկչության նախապատրաստության, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն, ինչպես նաեւ վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ եւ ձերբակալվել: Նշենք, որ մինչ ԱԱԾ-ն նշում է, թե գործով բերման ենթարկվածները կապ ունեն Ժիրայր Սէֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ, Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ ո՛չ Ժիրյար Սէֆիլյանը եւ ո՛չ էլ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները որեւէ առնչություն չունեն ձերբակալված անձանց հետ:

Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթին աղմակահարույց այս գործից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ գործի շրջանակներում կալանավորվել է Երեւանի քաղաքի բնակիչ Գնել Հովհաննիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գնել Հովհաննիսյանը ԱԱԾ քննիչներին հրաժարվել է ցուցմունք տալ: Մինչդեռ ԱԱԾ-ին հայտնի է դարձել, որ Գնել Հովհաննիսյանը մասնագիտությամբ դիպուկահար է, եւ վերջինիս խբի մեջ ներգրավվել են, որ կոնկրետ դիպուկահարը ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց սպանի կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառի:

Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ գործի շրջանակներում կալանավորվել է շուրջ 8 անձ, սակայն նրանց թիվը այսքանով չի ավարտվում, եւ այս օրերին իրավապահները նոր անձանց են բերման ենթարկում:

Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն գաղտնալսելով վերոնշյալ անձանց, ինչպես նաեւ հիմք ընդունելով նրանց ցուցմունքները, պարզել է, որ բացի հանցավոր խումբ ստեղծելուց, երկրում վախի մթնոլորտ ձեւավորելուց եւ ՀՀ իշխանությունների առաջ կոնկրետ պահանջներ ներկայացնելուց` խմբի անդամները ունեցել են կոնկրետ եւս մեկ այլ առաջնային նպատակ՝ ստեղծել անկայուն վիճակ ՀՀ-ում եւ օգտվելով առիթից` մուտք գործել քրեակատարողական հիմնարկներ, ազատել Ժիրայր Սէֆիլյանին եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին:

Չի բացառվում` սա էր պատճառը, որ տեւական ժամանակ է, ինչ «Արմավիր» ՔԿՀ-ում խիստ հսկողություն էր սահմանվել պատիժը կրող Ժիրայր Սէֆիլյանի խցի նկատմամբ:

Սա առաջին դեպքը չէ, որ ԱԱԾ հանցավոր խմբավորում է հայտնաբերում, սակայն նկատենք, որ խմբավորումների մեջ կանայք են հայտնվում: Մասնավորապես 2015 թվականին Նորք-Մարաշ վարչական շրջանում հայտնաբերված «հանցավոր խմբավորման» մեջ էին ներգրավվել մի խումբ կանայք: Նույնը նաեւ այս դեպքում: Թե ով է նա, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց վերոնշյալ գործով կալանավորված Գնել Հովհաննիսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի հետ, սակայն վերջինս միայն հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Քնար Մանուկյան




Լրահոս