«Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քրեական գործը քննած վարչության պետ Դավիթ Մանուչարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։ ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա առթիվ երեկ կայացած Կոլեգիայի հանդիսավոր նիստին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառման ընթացքում վարչապետի հուշամեդալով պարգևատրվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ հենց Մանուչարյանի ղեկավարած վարչությունում է քննվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի շրջանակում վերջինս կալանավորվել է»։
«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների նկատմամբ ևս քրեական հետապնդում իրականացնելու հարցը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում լուրջ դժգոհություն է առաջացրել այն միջադեպը, որի ընթացքում «Ուժեղ Հայաստանի» մի շարք պատգամավորների օգնականներ փորձել են մուտք գործել Ազգային ժողովի նիստերի դահլիճ և, ըստ իշխանական կողմի ներկայացրած վարկածի, չեն ենթարկվել ՊՊԾ աշխատակիցների պահանջներին։ Մասնավորապես, իշխանական շրջանակներում պնդում են, թե օգնականները ՊՊԾ ծառայողներին հրել են՝ փորձելով անցնել և մուտք գործել դահլիճ։ Այժմ ուսումնասիրվում է տեղի ունեցածը՝ պարզելու համար՝ արդյոք նրանց գործողություններում առկա են քրեական պատասխանատվություն առաջացնող արարքի հատկանիշներ․
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունը տրամադրված է այս միջադեպը չսահմանափակել միայն խորհրդարանի ներսում կարգապահական կամ վարչական քննարկումներով ու պատժամիջոցներով։
«Հրապարակ». Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրիստինա Թաթարյանը եւս, ԿԳՄՍ փոխնախարար նշանակվելուց առաջ, ինչպես բոլոր կադրերը, ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել: Մեր աղբյուրն ասում է, որ բացահայտվել են շահերի բախման պոտենցիալ փաստեր։ Նրա քույրը՝ Սոնյա Թաթարյանը, վերլուծաբան է աշխատում ամերիկյան Black Rock ընկերության ստորաբաժնում, որը պատասխանատու է ինստիտուցիոնալ հաճախորդների հետ փոխգործակցության համար։ ԱԱԾ-ն մատնանշել է Black Rock-ի ներգրավվածությունը TRIPP նախագծում եւ Թաթարյան ընտանիքի միջոցով կառավարությունում օտարերկրյա շահերի հնարավոր լոբբինգը։ Նաեւ շեշտել է այն, որ Ք․ Թաթարյանի ամուսինը՝ Տիգրան Գասպարյանը, զբաղեցնում է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը։ Բացի այդ, Ք. Թաթարյանի հայրը՝ Արման Թաթարյանը, Ուկրաինայում խոշոր գործարար է՝ մի քանի ընկերության սեփականատեր, ինչպիսիք են «Առնո սպորտը», «Դետատը», «Բիզնես Հաուզ Ուկրաինան», «Ռեմա Ուկրաինան» եւ «Բիոպրո Ուկրաինան»։ Ընդ որում, «Առնո սպորտն» ուկրաինական Delta Sport խանութների ցանցի օպերատորն է։ Զեկույցում ԱԱԾ-ն մատնանշել է ԿԳՄՍՆ-ի կողմից սպորտային ապրանքների գնման ժամանակ կոռուպցիոն սխեմաների առաջացման հնարավոր ռիսկերը։ Նաեւ նախազգուշացրել են, որ Թաթարյան ընտանիքի աջակցությունն Ուկրաինայի դիրքորոշմանը` Ռուսաստանի հետ պատերազմում, կարող է դառնալ Մոսկվայի կողմից ճնշման հերթական առիթ։ Սակայն այս զգուշացումները դեր չեն խաղացել՝ նա նշանակվել է փոխնախարարի պաշտոնում:
«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն. Նախագիծը մտել է գործնական փուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսովի անվան եւ մանկավարժական համալսարանները, ֆիզկուլտինստիտուտը միավորելու նախագիծը կարծես մտել է գործնական փուլ։ Կառավարությունը, հիշեցնենք, նման նախագիծ էր շրջանառել 2022-ին, որը բուհական համակարգի խոշորացման ու «Ակադեմիական քաղաք» մեգանախագծի մասն էր կազմելու։ Երբ միավորման գաղափարը հայտնի դարձավ, մեծ աղմուկ բարձրացավ, սկսեցին դասախոսներն ու ուսանողները բողոքի ակցիաներ անել։
Հատկապես ակտիվ էին Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը, եւ այդ բուռն դիմադրության պատճառով կառավարությունը ժամանակավորապես նահանջեց։ Մեր աղբյուրն ասում է, որ ոչ միայն չեն հրաժարվել այդ մտադրությունից, այլեւ ներկայում ընթանում են գործնական քայլեր՝ այն կյանքի կոչելու նպատակով։ ԿԳՄՍՆ-ից մեզ ասացին, որ այդ հարցով մեկնաբանության համար դիմենք Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, իսկ այնտեղից դեռ չի հաջողվել պարզաբանում ստանալ։
«Իրավունք». Տիրադավ սրբազանները բացահայտումների շարք են սկսել. Մեկնարկը երկող շաբաթվանից կլինի
«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն՝ ՔՊ-ականները եկող շաբաթվա մեջ պատրաստվում են նոր թափով եկեղեցու դեմ արշավ սկսել։ «Մեր սրբազանները բացահայտումների շարք են սկսել, որոնք մաս–մաս հրամցվելու են հանրությանը, մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից»,-պատերի տակ ինքնագոհ հրճվանքով ասում են ՔՊ-ականները»։




























