Հայաստանում առաջիկայում սահմանադրական ճգնաժամ է սպասվում: Սա այն բանից հետո, երբ ԱԺ-ն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, բայց ամեն գնով փորձի ձախողել Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Ըստ այդմ, Հայաստանում կստեղծվի երկիշխանություն, որտեղ ԱԺ-ի եւ կառավարության միջեւ սկիզբ կառնի լուրջ հակամարտություն, կոշտ դիմադրություն: Եւ հատկապես օրենսդիր իշխանությունը վայրկյան անգամ չի վարանի տարատեսակ խոչընդոտներ հարուցելու գործադիրի ճանապարհին, ձախողելու վերջինիս ծրագրերը:
Գործադիր իշխանությունը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը, որին ՀՀԿ խորհրդարանական մեծամասնությունը «հոգու խորքում» դեմ է: Փաշինյանին հեշտությամբ կհաջողվի ձեւավորել իր ժամանակավոր կառավարությունը, քանի որ նախարարներին նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Եթե անգամ նախագահը հրաժարվի ստորագրել Փաշինյանի առաջադրած կադրերին աշխատանքի նշանակելու հրամանագիրը, ապա Սահմանադրության համաձայն` միեւնույն է` այն ուժի մեջ կմտնի իրավունքի ուժով: Իսկ ՀՀԿ-ն դե յուրե կշարունակի մնալ իշխանության ղեկին՝ որպես խորհրդարանական մեծամասնություն: Դա հնարավորություն կտա ՀՀԿ-ին էապես ազդել օրենսդրական դաշտում որոշումներ կայացնելու գործընթացի վրա: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ն կոճակային մեծամասնության շնորհիվ շատ հանգիստ կկարողանա խորհրդարանում մերժել ցանկացած օրինագիծ, ավելին՝ ՀՀԿ-ն կկարողանա օրենսդրական այնպիսի բազա ստեղծել, որով կնվազեցվեն կամ կկրճատվեն վարչապետի լիազորությունները: ՀՀԿ պահվածքի դեպքում, երբ փորձ է արվում մինչեւ վերջին վայրկյանը կառչել իշխանությունից, դիմակայության այս սցենարը միանգամայն հնարավոր է, իհարկե, եթե ԱԺ-ում քաղաքական մթնոլորտ չփոխվի, եւ ՀՀԿ-ից սահուն անցում չկատարեն դեպի Փաշինյան:
Երկիշխանության դեպքում նաեւ դժվար կլինի տարբերակել՝ ո՞վ է իշխանություն, ո՞վ ընդդիմություն: Առավել եւս, երբ հիմա դե յուրե իշխանության ղեկին միայն ՀՀԿ-ն է. ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից, բայց իրեն չի հայտարարել ընդդիմություն, համագործակցում է Փաշինյանի հետ: ԲՀԿ-ն էլ շարունակում է ՀՀԿ-ի հանդեպ ընդդիմադիր կեցվածքը, բայց եւ աջակցում Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ ապագա կառավարությանը: Այս ամենը հիշեցնում է Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական հանրաքվեի նախօրեին արած մի արտահայտություն. «Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա անտրամաբանական է»: Իրոք, անտրամաբանական է: Բայց այս իրավիճակը կարելի է շտկել` հենց ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելով: