Համաժողովրդական շարժումն արձանագրեց իր երկրորդ հաղթանակը: Հիշում եք՝ ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց Սերժ Սարգսյանը. անձնավորություն, որը մինչ այդ թվում էր անպարտելի, որը մինչ այդ, թվում էր, իշխելու է ցմահ, հատկապես սահմանադրական փոփոխությունների անվան տակ անցկացված քյալագյոզության արդյունքում: Երեկ էլ խորհրդարանը ՀՀ վարչապետ ընտրեց համաժողովրդական շարժման առաջադրած թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ն չուզելով, բայց համաժողովրդական շարժման ճնշման ներքո ստիպված էր Փաշինյանի օգտին մի քանի կողմ ձայն ապահովել:
Ասում են՝ երբ մեծ նպատակներ ես հետապնդում, ամեն հաջորդ փուլ ավելի բարդ է, քան նախորդը: Ըստ այդմ, համաժողովրդական շարժման երրորդ ճակատամարտն ավելի բարդ է լինելու, ավելի դժվար: Երրորդ հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ արդեն անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, անցկացվեն առանց ընտրակաշառքի, առանց ընտրախախտման ու ընտրակեղծիքի: Անցկացվեն այնպես, որ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ քաղաքական դաշտն ընդունեն ընտրությունների արդյունքները` ճանաչելով դրա արդյունքում ձեւավորված իշխանության լեգիտիմությունը:
Ըստ այդմ, երբ ԱԺ ընտրությունների արդյունքում Հայաստանում վերջնականապես վերականգնվի իշխանության լեգիտիմությունը /ինչպես 1990-ական թվականներին էր՝ ՀՀ անկախացումից հետո/, կարելի է ասել՝ համաժողովրդական շարժումը տարել է իր վերջնական հաղթանակը:
Հիմա իսկապես շատ բան կախված է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Թեեւ, եթե անկեղծ լինենք, պետք է արձանագրենք՝ ԱԺ-ում չունենալով կայուն մեծամասնություն` Փաշինյանի համար իսկապես դժվար է լինելու իրագործել նախանշված խնդիրները: Դժվար, բայց ոչ անհնարին, քանի որ խորհրդարանական մեծամասնության փոխարեն Փաշինյանն ունի մեկ այլ կայուն մեծամասնություն՝ հասարակությունը, որի ճնշման արդյունքում ՀՀԿ-ն ստիպված եղավ համաժողովրդական թեկնածուին չուզելով, բայց դարձնել վարչապետ:
Նիկոլ Փաշինյանի քայլերը դեռ հուսադրող են. երեկ նա ԱԺ-ում վարչապետ ընտրվելուց հետո շտապեց Հանրապետության հրապարակ՝ հավաքված մարդկանց հանդիպելու, նրանց առաջ ելույթ ունենալու համար: Ի պաշտոնե խորհրդակցությունների շարք անցկացնելուց հետո արդեն Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում հանդես եկավ տեսաուղերձով` միաժամանակ մարդկանց ցուցադրելով իր աշխատանքային պայմանները: Վաղը նա կանցկացնի կառավարության անդրանիկ նիստը, արդեն դռնբաց: Ու որեւէ կասկած չկա, աշխատասենյակի պատերում փակվելու փոխարեն, աշխատելիս ՀՀ քաղաքացիների հետ մշտական երկխոսության մեջ գտնվելով, ՀՀ քաղաքացու կարծիքը հաշվի առնելիս նա կկարողանա արդյունքներ գրանցել: