Տավուշի մարզպետը պետբյուջեի հաշվին վերջին լավությունն է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու մասին վերջերս 2 որոշում է ընդունել: Մայիսի 3-ի որոշմամբ նա մարզպետարանի «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից սոցիալական աջակցության նպատակով թվով 71 քաղաքացիների 2 միլիոն 820 հազար դրամ միանվագ դրամական օգնություն է տրամադրել: Մարզպետը մայիսի 4-ին որոշել է նույն հոդվածով նախատեսված միջոցներից 61 քաղաքացիների տրամադրել 2 միլիոն 960 հազար դրամի օգնություն: Երկու որոշումներում էլ նշված է, որ գումարները տրվում են համաձայն հավելվածի, սակայն հավելվածները Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հերթական անգամ չեն հրապարակվել:

Նախորդ տարիներին մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում էին պետական բյուջեից միանվագ դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները, նրանց ստացած գումարների չափերը, սակայն ներկայումս դրանք չեն հրապարակվում: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի ուղարկած գրավոր հարցմանն ի պատասխան` մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը հայտնել է, որ պարգեւատրումների մասին որոշումների հավելվածները մարզպետարանի պաշտոնական կայքէջում չեն տեղադրվում` հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը: Հարց է ծագում` նախորդ տարիներին մարզպետարանի կայքում պետբյուջեից դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները եւ նրանց ստացած դրամական օգնության չափերը երբ հրապարակում էին, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները ինչո՞ւ հաշվի չէին առնում:

Նկատենք, որ, օրինակ, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզպետարաններն իրենց ինտերնետային կայքերում հրապարակում են օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները, նրանց ստացած գումարների չափերը, եւ ըստ Տավուշի մարզպետի տրամաբանության` ստացվում է, որ գործընկերները օրենք են խախտում: Մի տեսակ զավեշտալի է հնչում, բայց, դե, սա է իրականությունը:

Տավուշի մարզում բազմաթիվ են տեղեկությունները, որ Հայաստանի նոր կառավարության ձեւավորումից հետո Հովիկ Աբովյանը որպես մարզպետ չի պաշտոնավարելու: Իջեւան քաղաքից հայտնում են, որ Հ. Աբովյանը մարզպետի աշխատասենյակից արդեն տեղափոխել է իր անձնական իրերը: Տավուշի մարզպետի կողմից դրամական վերջին օգնությունները կարելի է համարել հեռացող մարզպետի լավությունը առողջական եւ սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին պետբյուջեի միջոցների հաշվին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս