Արցախը բանակցային գործընթացից դուրս մղվեց Ռոբերտ Քոչարյանի կամայական որոշման արդյունքում, բայց ոչ միջազգային իրավական փաստաթղթերից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին աշխատանքային այցը կատարելով Արցախի Հանրապետություն` վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հայտարարել Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին: «ՀՀ անունից կարող է խոսել ՀՀ իշխանությունը, ՀՀ-ն հակամարտության կողմ է, եւ լիարժեք կխոսի իր անունից, իսկ Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախը»,- ասել է Փաշինյանը: Սա իսկապես կարեւոր հանգամանք է: Ի վերջո, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 1998թ. ներպալատական հեղաշրջումից հետո, 20 տարի շարունակ, ընթացել է խեղված ձեւաչափով: Թե ո՞ւմ որոշման արդյունքում ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, հիշում են բոլորը:
Ռոբերտ Քոչարյանը, ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հայտարարեց, թե ինքը, լինելով ղարաբաղցի, բանակցություններում ներկայացնելու է միաժամանակ ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ ԼՂՀ-ն:

Բանակցային այդ ֆորմատը պահպանվեց նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիներին. Սերժ Սարգսյանն ինքն էլ ղարաբաղցի էր: Ճիշտ է` այս քսան տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները հայտարարել են, թե ՀՀ իշխանությունները ԼՂՀ ղեկավարությանն իրազեկում են բանակցային գործընթացի մանրամասների մասին, ավելին` առանց Ղարաբաղի համաձայնության խնդրին լուծում չի տրվի, գործընթացի վերջին փուլում ԼՂՀ-ն կվերադառնա բանակցային սեղան: Բայց համաձայնեք` այս ամենը աբսուրդ է: Հիմա Նիկոլ Փաշինյանի դեպքում միանգամայն այլ իրավիճակ է. նա ծնունդով ղարաբաղցի չէ: Եւ հետո` հենց Փաշինյանի միջոցով Հայաստանում իշխանությունից հեռացվեց «ղարաբաղյան կլանը». չերեւացող խմբավորումը, որի ձեռքում էր կենտրոնացած Հայաստանի փաստացի իշխանությունը վերջին քսան տարիներին:

Այս ամենից զատ կա մեկ այլ հանգամանք. ԼՂՀ բանակցային գործընթացից դուրս մղվեց Ռոբերտ Քոչարյանի կամայական որոշման արդյունքում, բայց ոչ միջազգային իրավական փաստաթղթերից: Շարունակում է ուժի մեջ մնալ 1994 Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, ըստ որի` ԵԱՀԿ֊ն, բացի Հայաստանից եւ Ադրբեջանից, հակամարտության կողմ է ճանաչում նաեւ ԼՂՀ-ն. «Գործող նախագահողը վերահաստատում է ԵԱՀԿ֊ի նախորդ որոշումները կողմերի կարգավիճակի վերաբերյալ, այն է՝ հակամարտության կողմերի՝ երկու պետությունների եւ հակամարտության մեկ այլ կողմի (ԼՂ) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացում, ներառյալ Մինսկի Համաժողովը»,- նշված է այնտեղ: Լեռնային Ղարաբաղի դերը որպես զինադադարի համաձայնագրի կողմ ճանաչվել է նաեւ ԵԽԽՎ֊ի 1047 (1994) բանաձեւում:

Այնպես որ, ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելու իրավական բոլոր հնարավորությունները կան, մնում է քաղաքական կամքը:




Լրահոս