ՀՅԴ-ն հայ-թուրքական հարաբերությունների հարցում կարող է կաշկանդել Նիկոլ Փաշինյանին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը երեկ արձագանքել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Իհարկե, եթե տեսնենք, որ Հայաստանը հրաժարվում է տարիներ շարունակ Թուրքիայի նկատմամբ ունեցած իր թշնամական վերաբերմունքից, Թուրքիայի տարածքային ամբողջականության, սահմաններին ուղղված սխալ մոտեցումներից եւ ուզում է նոր էջ բացել, ապա մենք կդիտարկենք մանրամասները եւ ընդառաջ կգնանք, – ասել է նա` միաժամանակ հավալելով,- մենք ուզում ենք ավելի շատ բարեկամ ունենալ ու ավելի քիչ թշնամի: Ոչ ոքի, հատկապես հարեւանների հետ թշնամանք չենք ուզում: Եվ եթե հայկական կողմը եւս նման մոտեցում ունի, ապա համապատասխան գնահատական կտանք՝ բնականաբար ելնելով մեր երկրի շահերից»:

Շատ լավ է, երբ Թուրքիան չի մերժում հարեւան երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հեռանկարը` շեշտելով, որ որոշումները կայացվելու են՝ ելնելով իրենց շահերից: Սակայն դժվար է միանշանակ ասել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում իսկապե՞ս առաջընթաց կգրանցվի, թե՞ ոչ: Յըլդըրըմը չի հստակեցրել, թե ո՞րն է Թուրքիայի շահը, եւ արդյո՞ք իրենց շահերը պայմանավորված են նաեւ Ադրբեջանի շահերով, արդյո՞ք ԼՂ խնդրի կարգավորված չլինելը վնասում է իրենց շահերին:

Ի վերջո, 1993թ. Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակեց՝ Ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով, այն բանից հետո, երբ հայկական զորքերը մտան Քելբաջար: Այս տարիներին հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր չի եղել կարգավորել հենց Ղարաբաղյան հակամարտության առկայության պատճառով. Թուրքիան մշտապես որպես նախապայման առաջ է քաշել այդ խնդրի լուծումը` ՀՀ-ից պահանջելով զորքերը դուրս բերել, իրենց ձեւակերպմամբ, գրավյալ տարածքներից:

Անգամ 2008-2009թթ. սկսված ֆուտբոլային դիվանագիտությունը, չնայած նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններին, անփառունակ ավարտ ունեցավ այն պատճառով, որ Թուրքիան ՀՀ-ի առաջ ԼՂ խնդրի հետ կապված նախապայմաններ առաջադրեց: Այնպես որ, չի բացառվում` վերջին պահին կրկին նույն պատմությանն ականատես լինենք:
Մեկ փաստ էլ. ՀՅԴ-ն, որը ցեղասպանության հարցը դարձրել է կուսակցական բիզնես, իրականում չցանկանալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը` այդ պատճառով 2009թ. լքեց կոալիցիան, այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին է: Հիմա ՀՅԴ-ն նոր կառավարության կազմում տեղ կունենա: Ու պարզ չէ՝ արդյո՞ք ՀՅԴ-ն այս հարցում կփորձի կաշկանդել նորանշանակ վարչապետին` խափանելով նրա ծրագրերը:




Լրահոս