Վիգեն Սարգսյանն անհարմար դրության մեջ գցեց ՀՀԿ-ին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը փորձել է հերքել իր հասցեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականը, թե ԼՂ խնդրում «Վիգեն Սարգսյանը բացարձակ անգետ է»: Նախկին նախարարը երեկ հանդես է եկել պատասխան հրապարակմամբ` ցույց տալու, թե սերտել է ԼՂ հակամարտության մասին դասերը: Բայց Վիգեն Սարգսյանն այնքան է խոցվել Տեր-Պետրոսյանի գնահատականից, ըստ այդմ, այնքան է ջանացել ինքնապաշտպանության դիմել, որ արդյունքում անհարմար դրության մեջ է դրել ե՛ւ իրեն, ե՛ւ իր ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին, ե՛ւ իրենց քաղաքական թիմին՝ ՀՀԿ-ին, հիշեցնենք, որի ԳՄ անդամ է նախկին նախարարը: «Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են երկար ժամանակ: Դրանք դարձան իր հրաժարականի եւ իր գլխավորած ՀԱԿ-ի՝ 2017թ. ԱԺ ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ»:

Մենք, իհարկե, չենք փորձի հիշեցնել, թե ո՞վ էր Վիգեն Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, թե ինչպես նա ԱԺ նախագահի օգնականից դարձավ ՀՀ պաշտպանության նախարար` բոլոր ժամանակների իշխանությունների օրոք շարունակելով մնալ պորտֆել բռնողի մակարդակի, անգամ երբ նախարար էր:

Ընդամենը կարձանագրենք մեկ պարզ իրողություն. 1997թ. սկսած ԼՂ խնդրով բանակցային սեղանին դրված փաստաթղթերի տրամաբանությունը, ըստ այդմ՝ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները չեն փոխվել (չեն էլ փոխվելու): Այդ սկզբունքներն ընդունել ու դրանց շուրջ բանակցել է ոչ միայն Տեր-Պետրոսյանը, այլեւ հետագայում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Այս ընթացքում փոխվել են միայն որոշ դետալներ, որոնց շուրջ էլ եղել ու կա անհամաձայնություն, ըստ այդմ՝ ընթանում են բանակցությունները: Ու բացի այդ` հենց Վ. Սարգսյանի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանն էր ապրիլյան պատերազմից հետո շտապել Տեր-Պետրոսյանի մոտ` ընդունելու 1998թ. իր սխալը, ընդունելու, որ հեղաշրջման ժամանակ ԼՂ խնդրի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Նաեւ Ս. Սարգսյանը իր քայլով խնդրեց Տեր-Պետրոսյանի աջակցությունը բանակցային գործընթացում: Հենց Ս. Սարգսյանն էր մի քանի անգամ հայտարարել, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումներով, եւ որ «ցավոտ լուծում է լինելու»: Այսինքն՝ մեծ հաշվով ԼՂ խնդրում Տեր-Պետրոսյանի ու Ս. Սարգսյանի տեսակետները գրեթե չեն տարբերվել, գոնե Սարգսյանի նախագահության վերջին տարիներին: Եւ Վիգեն Սարգսյանն էլ, լինելով նույն քաղաքական թիմի անդամ, կիսել է այդ տեսակետը: Եթե չի կիսել ու չի արտահայտվել այդ մասին, սա լրիվ ուրիշ «օպերա է»:




Լրահոս