Արթիկի թիվ 4 դպրոցում լարված մթնոլորտ է: Մանկավարժները երկու ամիս աշխատավարձ չեն ստացել: Մեղադրում են տնօրենին, որը պաշտոնը նախորդ տարվա օգոստոսից է ստանձնել: Վերջինս ուսուցիչներին խոստացել է ջեռուցման սեզոնն ավարտվելուն պես վճարել պարտքերը, բայց խոստումը չի կատարել:
Դպրոցում պարտքերը դեռ նախորդ տնօրենի ժամանակ են կուտակվել: Դպրոցը մեծ չափով ֆինանսական պարտավորություններ ունի Գազպրոմ ընկերությանը: Ծախսած գազի դիմաց չեն վճարել, ընկերությունն էլ ստիպված դատի է տվել:
Ոսուցիչներն ասում են` ամբողջ ձմեռ դպրոցում նորմալ ջերմաստիճան չի ապահովվել: Ուսուցչանոցն ընդհանրապես չի ջեռուցվել: Նաեւ սուրճ խմելն ու սնվելն է արգելվել:
Տնօրենն էլ ձեռքի տակ փաստաթղթեր ունի` պարտքերի գոյացման ու անօրինականությունների մասին: Խիստ վերաբերմունքն էլ կապված է դպրոցում կարգուկանոն հաստատելու հետ:
Ուսուցչական կազմը դիմել է ԿԳՆ, սակայն իշխանափոխությունից հետո նամակները մնացել են անպատասխան: Հիմա նրանք պահաջատեր են, ակնկալում են, որ աուդիտ անցկացվի ու խնդիրները լուծելու օպտիմալ տարբերակներ մշակվեն:
Ուսուցիչներն ասում են, դպրոցի տնօրենը նախկին ՀՀԿ-ական է: Նա պաշտոնը ստանձնել է մեծ չափով գումար վճարելու միջոցով: Թիկունքին էլ ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Միանսայանն է:
Դպրոցի աշխատակազմը կոչ է անում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին զբաղվել խնդրով, քանի որ դասապրոցեսը եւս խաթարված է:
Ավելի ուշ ստացանք նաև Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանի պարզաբանումը, որում ասվում է.
Համաժողովրդական շարժումից և ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականից ոգևորված` Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի քիմիայի ուսուցչուհի Գայանիկ Խաչատրյանը, որն ի դեպ, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի հորաքրոջ աղջիկն է, այսօր շատ էժան շոու էր սարքել դպրոցում՝ հրավիրելով լրագրողների:
Նա զբաղվում է ակնհայտ սուտ զրպարտչական հերյուրանքներ տարածելով, հայտարարելով,որ ես դպրոցի տնօրեն եմ ընտրվել կաշառք տալով: Մեղադրում է, որ ունեմ աշխատավարձի պարտք, թույլ չեմ տալիս ուսուցչանոցում հաց ուտել, սուրճ խմել և պարտադրում եմ աշխատողներին մնալ դպրոցում մինչև աշխատանքային օրվա ավարտը:
Ներկայացնեմ.
Ֆարմանյանների խնամին՝ Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, դպրոցի նախկին տնօրեն Արուսյակ Ստեփանյանի քրոջ ամուսինն է: Նա ապօրինի տարբեր անձանց վաճառել է դպրոցի տարածքը: Նշեմ, որ այդ փաստը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության տիրույթում:
Արուսյակ Ստեփանյանը, լինելով 17 տարվա տնօրեն, թողտվության ենթարկելով, քանդել է դպրոցը, նրա պաշտոնավարման ընթացքում եղել է աշակերտների մեծ արտահոսք: Նա անցած տարվա օգոստոսին հեռացավ դպրոցից՝ թողնելով 1,5 միլիոն դրամ գազի սպառման պարտք: Ի դեպ, Արուսյակ Ստեփանյանի նկատմամբ հարուցված է քրեական գործ:
Այժմ դպրոցում նորմալ աշխատանքային մթնոլորտ է, իմ անձնական հաշիվներից կատարել եմ ներդրումներ՝ վերանորոգել եմ սանհանգույցները: Նորմալ աշխատանքային մթնոլորտից փորձում են խուսափել բողոքավորները, քանի որ Ա. Ստեփանյանի օրոք սովոր են եղել չաշխատել:
Քիմիայի բողքավոր ուսուչուհի Գայանիկ Խաչատրյանը, որն ունի մեծ ամբիցիաներ, կարծում է, որ ուրիշին մրոտելով կարելի է պաշտոն ձեռք գցել։
Ես ընդամենը պահանջում եմ նորմալ աշխատանքային գործընթաց:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ կուսակցական պատկանելություն չունեմ, քանի որ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ եմ, իսկ հանձնաժողովները ապաքաղաքականացված են:
Երբ ես ընտրվել եմ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն, Սահակ Մինասյանը եղել է ՇՊՀ-ի ռեկտոր և այդ ընտրության հետ ոչ մի կապ չէր կարող ունենալ: Գ. Խաչատրյանը տանում է ընդամենը շուկայական կռիվ, պատճառը իմ կողմից նրան աշխատանքային կարգապահության ենթարկեցնելն է: Ցեխ շպրտելուց առաջ պետք է մտածել, որ ցեխը կարող է տեղ չհասնել, բայց շպրտողի ձեռքերը հաստատ կցեխոտվեն:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Շուշանիկ Օհանյան