Հանրապետական կուսակցության փառապանծ անդամ Սուրեն Խաչատրյան, մականունը` Լիսկա: Նրան ճանաչողները պնդում են, որ այդ մականունը կապված է վերջինիս` խմիչքի հանդեպ անթաքույց սիրո հետ, իսկ նրա «գործերին» լավատեղյակները ենթադրում են, թե մականունը նա ստացել է աղվեսի բնավորություն ունենալու պատճառով:Այս պետական պաշտոնյան եւ նախկին օրենսդիրը հանրությանը քաջածանոթ է բազմաթիվ քրեական արարքներով, իսկ որ ամենահատկանշականն է, այդ արարքները մարսելու զարմանալի ունակությամբ: Ի դեպ, վերջինիս ընտանիքի անդամները եւս պակաս հայտնի չեն իրենց կատարած քրեական «քաջագործություններով» եւ դրանց համար անպատիժ մնալով: Ո՞վ է, ի վերջո, Սուրեն Խաչատրյանը` անպատժելի ու ամենահաղթ այդ պետական պաշտոնյան: 1956թ. ծնվելով Գորիս քաղաքում` ուշադրություն` 35 տարեկան հասակում նոր միայն ընդունվել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի «Արտադրության էկոնոմիկա եւ կառավարում» ֆակուլտետը եւ ստացել տնտեսագետ-մենեջերի մասնագիտություն: Նրա կենսագրությունում նշված չէ` հեռակա, թե ստացիոնար ուսուցում է ստացել, բայց նշված է, որ 1992-1994 թվականներին եղել է Գորիսի կամավորական թիվ 3-րդ գումարտակի հրամանատարը, փաստորեն, ուսմանը զուգընթաց: Եթե արցախյան պատերազմի տարիները շատ ընտանիքների համար եղան կորստաբեր, ապա Լիսկայի համար դրանք եղան բախտի աստիճաններով բարձրանալու հնարավորությունների տարիներ: 1974-1976թթ., ապա` 1976-1988թթ. (կրկին ուշադրություն` 14 տարի) Գորիսի ավտոնորոգման գործարանում որպես մեխանիկ աշխատած մարդը ոչ այս, ոչ այն, 1996 թ. միանգամից դառնում է Գորիսի քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ եւ այնուհետ վերընթաց պրոգրեսիայով սկսում ավելի բարձր պաշտոններ զբաղեցնել: 1996 թ. նա արդեն Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահն էր: Իսկ երբ գործկոմները կազմաքանդվեցին, գումարելիների տեղափոխությունից ոչինչ չփոխվեց. 1996-1999 թթ. Լիսկան դարձավ Գորիսի քաղաքապետ, այնուհետեւ ընտրվեց Ազգային Ժողովի պատգամավոր: Այստեղ նրան օգնության հասան բնատուր հոտառությունը եւ տնտեսագետ-մենեջերի «մասնագիտական հմտությունները»: 1999թ. Խաչատրյանը նայեց հեռուն եւ հասկացավ, որ իրեն անհրաժեշտ է ավելի «էլիտար» կրթություն, եւ 44 տարեկանում ընդունվեց Պետական կառավարման ակադեմիայի «Պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում» ֆակուլտետը: 2004 թ. մարտի 25-ին նա նշանակվեց Սյունիքի մարզպետ: Ու եթե մինչ այդ Լիսկայի անօրինական գործողությունները հայրենի քաղաքի շրջանակներում էին, ապա այսուհետ նա հնարավորություն ստացավ «գործել» արդեն մարզի մասշտաբով: Նրա հարազատներն էլ, զգալով իրենց ամենազորեղ «տանիքի» ներքո, շարունակեցին իրենց ամենաթողությունը:Օրինակ` նրա եղբորորդիներից մեկը` Մայիս Խաչատրյանը եւ նրա հորեղբոր տղան` Լիսկայի մյուս եղբորորդին, դանակի 12 հարվածով սպանեցին Գորիսի բնակիչ, 2 անչափահաս երեխաների հայր 34-ամյա Հովհաննես Բադալյանին, որը, մթության մեջ չնկատելով, պատահաբար դիպել էր Մայիս Խաչատրյանի թեւին: Ու թեեւ Լիսկայի եղբորորդուն դատապարտեցին 12 տարվա ազատազրկման, սակայն որոշ ժամանակ անց վաղաժամկետ ազատ արձակեցին: Այստեղ ավելորդ չէ հիշեցնել, որ մարտի 1-ի գործով փաստահավաք խումբն արձանագրել էր, որ Մայիս Խաչատրյանը լուրջ դերակատարում էր ունեցել մարտիմեկյան դեպքերի ժամանակ. վերջինիս թիկնապահները եղել էին ժողովրդի վրա կրակողների թվում:Անդրադառնալով սպանությանը` նշենք, որ Մայիս Խաչատրյանը վաղաժամկետ ազատ էր արձակվել, մինչդեռ ՀՀ իրավակիրառական պրակտիկայում դիտավորյալ սպանության համար դատապարտվածներին պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակում: Բայց դա հասարակ քաղաքացիների դեպքում: ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆշարունակելի
ՄԱՐԶՊԵՏ, ՈՐԸ ԵՐԲԵՎԷ ՉԻ ՊԱՏԺՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ