Ես 10 տարուց ավելի Էջմիածնում պայքարել եմ Մանվելի կլանի և իր որդու տնտեսական քաղաքականության դեմ. Հակոբ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական վերջին իրողությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, Ըստ Ձեզ ` ի՞նչն էր պատճառը, որ մեծ թվով մարդիկ դուրս եկան փողոց` պայքարելու Ս. Սարգսյանի պաշտոնավարման եւ ընդհանրապես` իշխանության դեմ:

-Ես բազմիցս ասել եմ, որ մեր երկրին պակասում է քաղաքակրթությունը: Երբ ժողովուրդը կքաղաքակրթվի եւ կզգա, որ ինքն է այս իշխանության տերը, ապա իշխանությունը ժողովրդի հետ հաշվի կնստի: Եվ երբ տեղի ունեցավ, կարելի է ասել` հեղափոխությունը, ես ինքս ակտիվ մասնակցել եմ: Ես ամեն օր եղել եմ հրապարակում, ճանապարհները մենք փակել ենք: Եվ ես ասել եմ` այո, ես ժողովրդի հետ եմ: Գիտեք, որ ընտրակաշառքի, պետական լծակների օգտագործմամբ,ՀՀԿ-ն ձայներ հավաքեց ընտրություններին: ՀՀԿ-ն եկավ իշխանության այդ ռեսուրսների շնորհիվ, ուժի շնորհիվ, մարդկանց ահաբեկելու շնորհիվ եւ ընտրակաշառք տալու շնորհիվ:

-Հիմա Ձեր գործունեությունը շարունակելու եք միայն գործարա՞ր դաշտում:

-Ես քաղաքականության մեջ եմ, երբեք ինձ չեմ պատկերացնում քաղաքականությունից դուրս: Ցանկացած իշխանություն, որը կվարի այնպիսի քաղաքականություն, որը կվնասի մեր ժողովրդին, ես կխոսեմ: Իսկ այն քաղաքական ուժը, որը ժողովրդավար ճանապարհով է եկել եւ անում է այն, ինչ հարկավոր է ժողովրդին, բնական է` ես իմ ուժերով կաջակցեմ այդ իշխանությանը:

-Հնարավո՞ր է արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում Դուք դարձյալ որպես պատգամավոր առաջադրվեք:

-Իհարկե: Ես միշտ էլ ընտրություններին մասնակցել եմ՝ անկախ այն բանից, թե Հանրապետականը որքանով է խանգարել իմ ընտրություններին: Եթե հիշում եք` 2007 թ. ինձ նույնիսկ չգրանցեցին որպես թեկնածու: Ես միշտ մասնակցել եմ եւ այսօր էլ կմասնակցեմ: Թող ժողովուրդը որոշի:

-Կարծիք կար, որ Դուք նեղացած եք ՀՀԿ-ից: Հիմա կա՞ այդ նեղացվածությունը:

-Իհարկե, կա: Հո չե՞նք կարող մոռանալ այդ ամեն ինչը, որ մեր նկատմամբ կատարել են: Այդ ամեն ինչը կա, թե ինչպես մեր նկատմամբ ապօրինի գործողություններ են կատարել: Եվ երբ գա ժամանակը, որ տեսնեմ` իրական կարող է գնալ քննություն, իրական մարդիկ պատրաստ են լսելու մեր խնդիրները, անպայման կբարձրաձայնեմ: Հասարակությունը պետք է իմանա` ինչ է իրականում տեղի ունեցել: Եթե օրենք են խախտել, իհարկե, պետք է պատասխան տան:

-Իսկ ՀՀԿ-ն ինչպիսի՞ ընդդիմություն կլինի, ըստ Ձեզ:

-Իրենք կարող են լինել շատ լավ ընդդիմություն, որովհետեւ նախկինում ինչ ձեւով որ թալանել են, այդ թալանի բոլոր ձեւերն ու եղանակները գիտեն: Մի բան էլ ասեմ. Փաշինյանը շատ խելոք որոշում կայացրեց, որ Վալերի Օսիպյանը նշանակվեց ոստիկանապետ: Օսիպյանը 2008-ի մարտի 1-ին եղել է համակարգում, եղել է ժողովրդի մեջ: Իրենից լավ որեւէ մեկը չգիտի` քանի զենք է եղել, ովքեր են օրենքը խախտել: Հիմա, դառնալով ոստիկանապետ, ինքը պետք է օգնի քննչական մարմիններին բացահայտել, քանի որ ինքն ականատես է եղել:

– ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ասել է, թե Էջմիածնում տեղի ունեցած դանակահարության դեպքի մեղավորները Ձեր, այսպես ասած` մարդիկ են:

-Դե, ինքը մեկ ասում է` ՀՀԿ-ական է, մեկ` ՀՀԿ-ական չէ: Ինքն արդեն իր խելքը գցել է, որովհետեւ ինքը, իր հարազատներն ամբողջ կյանքում շատ սխալ են ապրել: Եվ հարյուրավոր, հազարավոր էջմիածնեցիներ այսօր պատրաստ են դիմելու օրենքին, որ օրենքի առաջ նրանք պատասխան տան: Այդ դանակահարությունը, որ տեղի էր ունեցել, բնական է` ես ընդհանրապես դրա հետ կապ չունեմ: Ես կարող եմ ասել, որ Էջմիածնում 100-ավոր այդպիսի դանակներ են պահվում, որպեսզի իրենց իրավունքները ոտնահարած մարդկանց հարցերը լուծեն: Իրենք խախտել են մարդկանց իրավունքները, թալանել են քաղաքի բյուջեն, ամբողջը հարմարեցրել են իրենց, այդ ամենը կա: Փոխաբերական իմաստով եմ ասում` 1000-ավոր այդպիսի «դանակներ» սպասում են, որ Սերժ Սարգսյանը ձեռքը քաշի եւ չհովանավորի, որովհետեւ նախկինում այդպես է եղել, եւ իրենք պատասխան կտան օրենքի առաջ: Բայց շատ լավ կլինի` մարդիկ դիմեն իրավապահներին:

-Մանվել Գրիգորյանն ինչո՞ւ հենց Ձեզ մեղադրեց:

-Մի օր առաջ Ս. Սարգսյանը հրաժարական տվեց, ու ինչպես ՀՀ մյուս քաղաքներում, Էջմիածնում նույնպես նշում էին այդ հաղթանակը: Եվ ես ոչ թե հիմա, այլ 10 տարուց ավելի պայքարել եմ Մանվելի կլանի եւ իր որդու տնտեսական քաղաքականության դեմ: Այդ ամենն ինքը տեսնելով եւ զգալով, որ եթե նախկինում հովանավորներ է ունեցել, եւ ես պայքարել եմ, ուրեմն հիմա ավելի մեծ ջանքերով կպայքարեմ, եւ նա կտապալվի: Ա՛յ հենց դրա համար էլ ինքը փորձել է ինչ-որ ձեւով քննության ընթացքը շեղել` առանց հասկանալու, որ այդ հրապարակում տեսախցիկները դրված են, եւ մարդիկ կան, որոնք իրականությունը ժամերի ընթացքում բացահայտել են: Իրենց ժողովուրդը պետք է դուրս շպրտի: Իրենք թիմով են մտել ԱԺ, թիմով էլ պետք է հեռանան, ներողություն խնդրեն ժողովրդից, որ այդպես են վարվել: Երեւի ժողովուրդը կների, չգիտեմ:

Զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս