Գագիկ Հարությունյանը ցանկանում է վարչական դատարանում չվերահսկվող դատավոր չունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԴԽ մայիսի 3-ի նիստում գաղտնի քվեարկության արդյունքներով ՀՀ վարչական դատարանի դատավորների թափուր տեղերը զբաղեցնելու համար օրենքով սահմանված կարգով առաջադրված երկու թեկնածուները Հանրապետության նախագահին նշանակման ներկայացնելու համար չեն ստացել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ձայների կեսից ավելին:

Նման քվեարկություն կազմակերպելու համար ԲԴԽ-ն հիմք է ընդունել «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասը, որը սահմանում է, որ նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին ՀՀ նախագահին առաջարկելու դեպքերում ԲԴԽ որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ գաղտնի քվեարկությամբ: Սակայն, «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում բացակայում է առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համապատասխան առաջարկություն ստացած և համաձայնություն տված թեկնածուին նշանակման համար ՀՀ նախագահին չներկայացնելու մասին որևէ դրույթ: Ավելին՝ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածի 1-ին մասը իմպերատիվ կերպով սահմանում է, որ թեկնածուի համաձայնության դեպքում ԲԴԽ-ն նրա թեկնածությունն առաջարկում է ՀՀ նախագահին: Այսինքն՝ նշանակման համար նախագահին առաջարկ ներկայացնելու միակ նախապայման է հանդիսանում թեկնածուի համաձայնությունը:

Մինչդեռ տվյալ դեպքում ԲԴԽ-ն խորհուրդը կամայականորեն և օրենքի խախտմամբ նախագահին չի առաջարկում ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համաձայնություն տված թեկնածուներին նշանակել դատավոր: Խոսքը երկու թեկնածուների՝ Ռուզաննա Ազրոյանի ու Դանիել Դանիելյանի մասին է, որոնց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը չի ցանկանում ներկայացնել նշանակման: Ավելին` դատավորների ցուցակները Հարությունյանը մտադիր է` ինքը կազմի, որպեսզի լիակատար վերահսկողության տակ պահի նոր նշանակվելիք դատավորներին: Սա, թերեւս, պատահական չէ. ԲԴԽ անդամներն ԱԺ-ում ընտրվել են ՀՀԿ խմբակցության ներկայացմամբ, իսկ դատավոր անդամների ցուցակը կազմվել է նույն կուսակցության նախագահի կողմից: Այսինքն՝ ՀՀԿ-ն փորձում է վերահսկողություն պահպանել այս հարցում:

Մանավանդ վարչական դատարանի դեպքում, քանի որ սա այն մարմինն է, որը քննարկում է ընտրական գործընթացներին վերաբերվող հարցերը: Օրինակ, դատարանը կարող է այս կամ այն թեկնածուի գրանցումը անվավեր ճանաչել, իսկ այդ դատական ակտը բողոքարկման ենթակա չէ, վերջնական է: Դիցուք, մի իրավիճակ վերցնենք, երբ ՀՀԿ-ական թեկնածուն իր մրցակցի գրանցման հարցը վիճարկում է դատարանում, իսկ դատարանը բավարարոռմ է հայցը, ապա պարտվող կողմը զրկված է դատական այդ ակտը վերադաս դատարանում բողոքարկելու հնարավորությունից: Այսկերպ Գագիկ Հարությունյանը ցանկանում է վարչական դատարանում չվերահսկվող դատավոր չունենա հետագա անհարմարություներից խուսափելու համար:

Ա. Գ.




Լրահոս