Պոպուլի՞զմ, թե՞ ցինիզմ. երբ Մարտի 1-ի բացահայտման մասին Արթուր Բաղդասարյանն է խոսում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունն, այնուամենայնիվ, մեկ բացասական հետեւանք ունեցավ. այդ իրադարձությունները վերակենդանացրին վաղուց ի վեր քաղաքական լուսանցքում հայտնված գործիչներին: ՈՒ հիմա, որքան ավելի ռեալ է դառնում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը (իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ դա իրենց առաջնահերթություններից է), այնքան քաղաքական լուսանցքում հայտնվածները սկսել են ավելի ակտիվանալ՝ պոպուլիզմի գերբարձր դոզայով համեմված:

Այս առումով պատահական չէր «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի երեկվա խոսքերը: Արթուր Բաղդասարյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, որ իր եւ 2008 թվականին իրեն ձայն տված ավելի քան 300 հազար ընտրողների անունից պահանջում է բացահայտել մարտի 1-ի դեպքերը: ՕԵԿ նախագահի հայտարարությունները այլ բան, քան ցինիզմի բարձրագույն դրսեւորում, դժվար է որակել. մարտի 1-ի բացահայտման մասին, այն էլ՝ 2008թ. իրեն քվեարկողների անունից, բարձրաձայնում է մի անձնավորություն, որն իր հերթին քաղաքական պատասխանատվություն է կրում տեղի ունեցած ոճրագործության համար:

Եթե Արթուր Բաղդասարյանը մոռացել է իր կենսագրության այդ դրվագները, հիշեցնենք՝ 2008թ. նախագահական ընտրություններում, հանդես գալով ընդդիմադիր դիրքերից, հավաքած ձայներով զբաղեցնելով երրորդ տեղը, այնուամենայնիվ համաձայնեց Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմել: Ու մինչ հարյուր հազարավոր քաղաքացիներ տասը օր շարունակ Ազատության հրապարակում հավաքված պայքարում էին ընտրակեղծիքով ձեւավորված իշխանության դեմ, պայքարում իրենց քվեի համար, Արթուր Բաղդասարյանն այդ քայլով լեգիտիմացրեց Սերժ Սարգսյանին` միաժամանակ այդպես մարտի 1-ի սպանդի իրականացման «քարտ բլանշ» տալով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին:

2008թ. սկսած 6 տարի շարունակ Բաղդասարյանը եղել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար եւ առնվազն հնարավորություն է ունեցել իշխանության մյուս մարմիններից պահանջելու մարտի 1-ի դեպքերի բացահայտում: Բայց նա այդ քայլին չի գնացել երբեւէ` ընդհակառակը, ամեն կերպ արդարացնելով մարտի 1-ի նախօրեին կոալիցիա կազմելը: Բաղդասարյանի ղեկավարած կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մինչեւ 2014թ. մշտապես դեմ է քվեարկել մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու նպատակով ԱԺ մշտական հանձնաժողովի ձեւավորման նախագծերին: Այնպես որ, ով-ով, բայց Արթուր Բաղդասարյանն իրավունք չունի խոսելու մարտի 1-ի բացահայտման մասին: Այն էլ հիմա, երբ ակնհայտ է, որ այս ամենն անում է ընդամենը շահադիտական նպատակներով:




Լրահոս