ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը որոշել է ամեն գնով ինքնահաստատվել, բնականաբար, այլոց հաշվին: Մի կողմից` Կոստանյանը փորձում է ցույց տալ, թե այս օրերին Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ անձանցից է ու, չնայած իր անկուսակցական լինելուն, իրեն արտահայտություններ է թույլ տալիս, որ կնախանձեին անգամ կարկառուն ՀՀԿ-ականները միակ ու անփոխարինելի առաջնորդի հասցեին ձոներ արտասանելիս:
Մյուս կողմից` Կոստանյանի մեծամիտ պահվածքն ավելի ու ավելի ցայտուն դրսեւորումներ է ստանում, հատկապես խորհրդարանում ԱԺ լիագումար կամ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակ: Կոստանյանն ամեն կերպ փորձում է ձեւացնել, թե ինքը հայկական իրավաբանության հայրն է, ամենագետ օրենսդիրը (չնայած ՀՀԿ խմբակցության կազմում տառաճանաչները շատ-շատ քիչ են) եւ, ըստ այդմ, փորձում է բարձրից հարաբերվել գործընկերների հետ` հաճախ անձնական վիրավորանքներ հասցնելով: Գեւորգ Կոստանյանի պահվածքն այլկերպ, քան, թերեւս, մեծամտություն, դժվար է որակել, սա հատկապես մի քանի ցցուն իրադարձությունից հետո:
Իր ղեկավարած հանձնաժողովի նիստերից մեկում տեսնելով, որ օրենսդրական նախաձեռնության տակ դրված է նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Հակոբ Բեգլարյանի՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր ստորագրությունը` Կոստանյանը մի տեսակ քամահրանքով էր անունն արտաբերել` այդկերպ փորձելով նվաստացնել գործընկերոջը: Ասում են` հենց դա էլ եղել է Գեւորգ Կոստանյանի ու Գագիկ Բեգլարյանի հարաբերությունների սրման պատճառը. վերջերս ՀՀԿ ԳՄ նիստերից մեկին ներկայացած անկուսակցական Կոստանյանին Բեգլարյանը հրաժարվել էր բարևել` կոշտ բնորոշումներով, ինչը նրանց միջև թեժ խոսակցության, ապա քաշքշուքի առիթ էր դարձել. ՀՀԿ-ականներին հաջողվել էր կանխել ծեծկռտուքը:
Կոստանյանը երեկ էլ փորձել է փայլատակել իր մեծամտությամբ: Երբ պատգամավորներից մեկը հիշեցրել է Կոստանյանի` ՀՀ գլխավոր դատախազ աշխատած ժամանակ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի խնդիրների մասին, նա վիրավորվել է, շտապել հայտարարել, թե. «Իմ աշխատանքի գնահատականը դուք չեք կարող տալ»:
Մինչ այդ մեկ փոքրիկ հիշեցում. Գեւորգ Կոստանյանի աշխատանքին ամենադիպուկ գնահատականը տրվել է տարիներ առաջ Գյումրիում, երբ բողոքի ցույցի դուրս եկած գյումրեցիներից մի քանիսը կրակայրիչով եւ մետաղադրամներով հարվածել էին ուղիղ նրա ճակատին: Սա այն բանից հետո, երբ ՀՀ իշխանություններն այդպես էլ չկարողացան լուծել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցը: