Ադրբեջանն ամեն կերպ դիմադրում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միանգամայն սպասելի էր, որ Ադրբեջանն ամեն կերպ կդիմադրի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Եւ ահա երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարություններին, ասել է. «Եթե ՀՀ ղեկավարությունը առաջարկում է բանակցային գործընթացին ԼՂ անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է՝ ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին: Ես նաեւ իրենց ասել եմ, որ նման առաջարկը ծիծաղելի է»:
Ադրբեջանի նման կեցվածքը միանգամայն հասկանալի է: Նրանք դեմ են բանակցային գործընթացում 1998 թվականից հաստատված եւ արդեն քսան տարի շարունակվող ձեւաչափի որեւէ փոփոխության: Ի վերջո, բանակցային սեղան Արցախի վերադարձը նշանակում է Արցախը ճանաչել առանձին միավոր, ճանաչել որպես բանակցությունների սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ, ինչպես հիմա է: Եւ հետո, բանակցային ձեւաչափի փոփոխությունը ժամանակին տեղի ունեցավ հենց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշման հետեւանքով, ու այդպես Ադրբեջանին մատուցվեց նվեր, որի մասին այդ երկրի իշխանություններն ամենավառ երազում անգամ չէին կարող պատկերացնել:

Ի դեպ, մեկ հիշեցում Ռ. Քոչարյանի` 1998թ. հայտարարությունից. «Երևան-Բաքու բանակցություններն ունեն երեք հիմնական առավելություն.առաջին և կարեւորը` ՀՀ-ն շատ ավելի մեծ արդյունավետությամբ կարող է պաշտպանել հայկական կողմի շահերը: Երկրորդ` ես` որպես բանակցությունների ակտիվ կողմ, շատ ավելի մեծ հնարավորություն եմ ստանում հանդիպումների ժամանակ ներկայացնել ԼՂ հարցը որպես սուբյեկտ, ով ուղղակի անմիջական պատասխանատվություն ու բեռ է կրում բանակցությունների համար: Երրորդ` ՀՀ նախագահի ներգրավվածությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է բարձրացնում ՀՀ պատասխանատվությունը ԼՂՀ-ի նկատմամբ, քանի որ մենք ամբողջ ՀՀ ներուժը` ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ պաշտպանական, ծառայեցնում ենք այս հարցի կարգավորմանը»։

Բայց մյուս կողմից նկատենք, որ Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում և ավելի հստակ` ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ: Եւ այդ բոլոր փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը: Այնպես որ, Հայաստանի նոր իշխանությունն իր առաջ թեեւ դժվար, բայց եւ` միանգամայն իրականանալի խնդիր է դրել, անկախ Ադրբեջանի ցանկություններից:




Լրահոս