Դալիթան կերգի առաջին սիրո մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ երկրպագուները, տեսնելով երգչուհի Դալիթային կառավարական առանձնատանը Վերջին զանգի առթիվ կազմակերպված միջոցառմանը, կարծել էին, թե նա նույնպես այս տարվա շրջանավարտներից է: Սակայն երգչուհին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ արդեն երկու տարի է՝ ավարտել է դպրոցն ու այժմ ուսանում է մաթեմատիկա եւ ծրագրավորում Հայաստանի ամերիկյան համալսարանում: Նա պատմեց, որ միջոցառմանը ներկայացել է զուտ որպես երգչուհի եւ մեծ տպավորություն է ստացել. «Շրջանավարտների աչքերում ակնհայտ էր ուրախությունը, նրանք իրենց շատ ազատ էին զգում, երջանիկ: Սա իմ սերունդն է, որն արդեն ապրում է այլ Հայաստանում: Իսկ այդ օրը կմնա ոչ միայն շրջանավարտների, այլեւ մեր՝ այնտեղ ներկա երգիչ-երգչուհիներիս հիշողություններում»,- ասաց Դալիթան:

Հարցին, թե ինչպես է կարողանում համակեցություն ապահովել միաժամանակ թվերի եւ արվեստի աշխարհներում, նա պատասխանեց, որ դա իրենից մեծ ջանքեր է խլում, սակայն, միեւնույն ժամանակ, մեծ բավականություն է պատճառում իրեն. «Մեր ընտանիքում միշտ էլ եղել է սերը մաթեմատիկայի նկատմամբ: Մորեղբայրս, օրինակ, նույնպես ծրագրավորող է, եւ նրա հետ շփումն էլ անդրադարձել է իմ ընտրության վրա: Ասում են, որ ինձ մոտ լավ է ստացվում ծրագրավորումը: Իսկ, առհասարակ, շատ եմ կարեւորում ե՛ւ արվեստը, ե՛ւ այն կրթությունը, որ ստանում եմ: Հիմա փորձում եմ ջանք չխնայել, որպեսզի հետո վայելեմ արդյունքները»:

Դալիթան տեղեկացրեց, որ ունի երկու նոր երգ. դրանցից մեկն ինքն է գրել, այն առաջին սիրո թեմայով է. «Նախկինում երգերի խոսքեր գրել եմ, բայց երաժշտություն առաջին անգամ էի գրում»,-ասաց նա՝ հավելելով, որ մյուս երգն արդեն իրեն նվիրել են:
Դալիթան առիթ է ունեցել ներկայանալու նաեւ սերիալներում եւ ֆիլմերում: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք ունի նոր առաջարկներ. «Կա մի գեղարվեստական ֆիլմ, որի սաունդթրեքը ես եմ կատարել, բայց դրա պրեմիերան դեռ չի եղել: Չգիտեմ՝ երբ այն կհանձնվի հանդիսատեսի դատին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս