Սոնա Շահգելդյանին բեմ չեն թողել, թե՞ նա ուշացել է. երգչուհին վրդովված է, մեկնաբանությունները հակասական են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սոնա Շահգելդյանը վորդովվել է, որ Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական համերգին ելույթ չի ունեցել. «Ես ինքս չեմ առաջարկել երգել, ստացել եմ առաջարկ եւ համաձայնվել երգել Ձեզ համար, իմ ազգի համար, բայց դա չի նշանակում, որ պետք է կուլ տամ իմ անձի հանդեպ վատ վերաբերմունքը: Թե՞, սիրելի՛ կազմակերպիչներ, կարծում էիք՝ որոշներին դուր չէր գա իմ կատարումներից հետո անցնել հետին պլան»,-հայտարարել է նա:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստացավ Սոնայից պարզելու համար, թե ինչ է կատարվել: Նա նշեց, որ մայիսի 28-ի համերգի երկրորդ մասում նախատեսված է եղել իր ելույթը, սակայն անհասկանալի պատճառներով այն չի կայացել. «Ես պետք է համերգի փակումն անեի, բայց ստացվեց այնպես, որ բեմ չբարձրացա: Երեւի կազմակերպիչները ժամանակի մեջ չէին տեղավորվել: Ընդ որում` ես միայնակ չէի: Էլի կային արտիստներ, որոնց ելույթները նախատեսված էին, սակայն նրանք այդպես էլ բեմ չբարձրացան, օրինակ՝ «Նեմրա» եւ «Որդան կարմիր» խմբերը: Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, պարզապես անհայտ պատճառով իրադարձությունները նման ընթացք ստացան»:

Սոնան հավելեց, որ համերգից երկու օր առաջ են իրեն տեղեկացրել, որ նախատեսում են իր ելույթը: Փոխարենը եղել են արտիստներ, որոնք իրենց ելույթների մասին տեղեկացվել են ավելի վաղ. «Պատրաստված գնացել էի երգելու, գնացի, երբ համերգը գրեթե վերջանում էր, սակայն ելույթ այդպես էլ չունեցա: Այնպես չէ, որ պետք է խնդրեի, որպեսզի մասնակցեի համերգին: Մայիսի 28-ին ես երեք բեմերում եմ երգել»:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ մեկնաբանություն ստացավ նաեւ համերգի կազմակերպիչ «Մեցցո պրոդաքշնի» տնօրեն Անի Սաղոյանից: Նա շտապեց հակադարձել երգչուհուն. « Սոնան համերգից ուշացել է, այդ պատճառով էլ չի երգել, բայց, չգիտես ինչու, գրառումներ է անում այն մասին, որ իրեն չեն թողել երգել: Կա սահմանված օրենք, եւ որոշակի ժամանակահատվածից հետո հնարավոր չէ Հանրապետության հրապարակում անցկացնել համերգ: Մեր կազմակերպությունը օրենք չի խախտել: Սոնան այդ օրը ուրիշ ելույթներ էլ է ունեցել եւ պարզապես չի հասցրել ճիշտ ժամանակին ներկայանալ: Կոչ եմ անում նրան մեղավորներ չփնտրել, քանի որ իր դեմ որեւէ միտում չի եղել»:

Ինչ վերաբերում է Սոնայի նշած երկու խմբերին, ապա Անի Սաղոյանը տեղեկացրեց, որ «Նեմրա»-ն այդ օրը ելույթ չի ունեցել, քանի որ խմբի վոկալիստ Վան Եղիազարյանը առողջական խնդիրներ է ունեցել, իսկ «Որդան կարմիր»-ի հետ կազմակերպիչները համաձայնության են եկել, որ խումբը հանդես չի գալու, քանի որ տվյալ ելույթի հետ կապված առկա են եղել տեխնիկական խնդիրներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս