Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազությունում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ուսումնասիրել 2017-2018 թվականներին անձի ձերբակալման դեպքերը, դրանց շրջանակներում վեր հանել դատավարական հարկադրանքի այդ միջոցի իրավակարգավորման ու կիրառության խնդիրները, կրկնվող խախտումների հիմքում ընկած օրինաչափությունները: Ըստ պաշտոնական հաղորդագրության. «Ելնելով ուսումնասիրության արդունքներից՝ կներկայացվեն դրանք բացառելու նպատակով միջոցներ ձեռնարկելուն ուղղված կոնկրետ առաջարկություններ, ինչպես նաեւ կսահմանվեն ձերբակալման առավել հիմնավորվածությունն ապահովելու հստակ չափանիշներ»:
Ձերբակալությունը որպես դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու խնդրի մասին խոսվել է մշտապես: Գաղտնիք չէ, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ դեպքերում ձերբակալությունը, այնուհետեւ կալանավորումն օգտագործել են ոչ թե իրավական խնդիր լուծելու համար, այլ ընդամենը նպատակ են ունեցել իրենց հերթին պատժել մեղադրյալի աթոռին հայտնված մարդուն: Սա հատկապես քաղաքական գործերի դեպքում, երբ շինծու մեղադրանքներով փորձում էին մեկուսացնել ընդդիմախոսներին: Այս առումով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականը տեղին է, ավելին՝ նույնիսկ շատ ուշացած: Եվ դժվար չէ կռահել, թե ինչեր կբացահայտվեն ուսումնասիրությունների ընթացքում, եթե, իհարկե, լուրջ ուսումնասիրություններ լինեն:
Բայց մյուս կողմից, համաձայնեք, Արթուր Դավթյանի կողմից նման հանձնարարական տալը շատ արհեստական է դիտվում: Ի վերջո, Դավթյանն այս պաշտոնին նոր չի նշանակվել. նա 2016թ. սեպտեմբերից ՀՀ գլխավոր դատախազն է: Ուսումնասիրությունների համար նախանշված ժամանակահատվածը համընկնում է հենց իր պաշտոնավարման տարիների հետ: ՀՀ սահմանադրության համաձայն` դատախազությունը նաեւ հսկողություն է սահմանում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ: Ասել է թե` ձերբակալությունների հարցը նաեւ դատախազության իրավասությունների տիրույթում է եղել: Եթե այդ հարցում եղել են խնդիրներ, մասամբ պատասխանատու է նաեւ դատախազությունը: Բացի այդ` եթե հիշում եք, նույն Արթուր Դավթյանն ԱԺ-ում վերջերս փորձում էր արդարացնել ապրիլի 22-ին այն ժամանակ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Սասուն Միքայելյանի ձերբակալությունները, չնայած նրանք անձեռնմխելի էին: Այնպես որ նրա հանձնարարականը մի տեսակ չի ընկալվում, եւ հարց է հնչում՝ իսկ դո՞ւք որտեղ էիք: