Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը պատմել է իր ծրագրերի մասին:
Մարզիկը խոստովանել է, որ պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո կցանկանար ապրել ծովի ափին և ուղևորություններ իրականացնել զբոսանավով.
«Ինձ համար դժվար է պատկերացնել կյանքս առանց ծովի: Ես միշտ կապված եմ եղել ծովի հետ, առանձնահատուկ վերաբերմունք եմ տածում ծովի հանդեպ:Այնտեղ ես շատ ժամանակ եմ անցկացնում, սիրում եմ գտնվել նավակում: Կցանկանայի զբոսանավով տարբեր վայրերում լինել: Վաղուց եմ զբոսանավ ձեռք բերել, սիրում եմ հանգստանալ ծովի ափին, երբ կա նման հնարավորություն:
Հուսով եմ` շուտով ավելի հաճախ ծով դուրս կգամ իմ զբոսանավով»,- Նադալի խոսքերն է փոխանցում CNN-ը:
Հիշեցնենք` Նադալը ծնվել է Մալյորկայում` Իսպանիայի խոշորագույն կղզում: Անձամբ թենիսիստը պատմել է, որ իր հայրը ևս նավակ է ունեցել, իսկ ինքը մանկուց սիրել է ծովը: