Ակնկալում ենք, որ գյուղնախարարության պատասխանատուները կնկատեն հոդվածի ազնիվ հարցադրումը, եւ եթե համաձայն չեն բերված թվերի ու եզրահանգումների հետ, փորձեն ներկայացնել սեփական պարզաբանումները` ցրելով նաեւ մեր տարակուսանքը: Չէ՞ որ դժվար է ուղիղ վեց ամիս տքնել եւ դատարկաձեռն մնալ: Հանուն այն բանի, որ կառավարությունը տնտեսական աճի թվեր նկարի: Ո՞ւմ ենք խաբելու:Քանի որ մեր իշխանություններն ամեն կերպ ջանում են հայ ժողովրդին համոզել, որ աշխատում են ողջ կարողություններով, իրենց ուժերի ու միջոցների ներածին չափ, դժվար է ճշտել, թե որքանով է կարեւոր ու տեղին նրանց կողմից ձեռնարկված այս կամ այն ծրագիրը: Գյուղացիներին սերմացու գարի եւ եգիպտացորեն տրամադրելու մասին խոսվում է ամեն օր` դա ներկայացնելով որպես ֆինանսական անելանելի կացության մեջ գտնվող ու սնանկացման եզրին հայտնված գյուղացիներին պետության կողմից արված լավություն: Ծրագրի իրագործման սկզբնական փուլում բոլորն ուրախացան, եւ ամեն գյուղ ցանկանում էր հայտնվել սերմացու ստացողների ցուցակում: Սակայն ուրախության առաջին պահն անցել է, եւ Արարատյան դաշտավայրի գյուղացիներն արդեն սկսել են հաշվարկել` ցանե՞լ արդյոք բարեգործական սերմացուն, թե՞ ոչ: Քանի որ գարին ու ցորենը նույն բերքատվությունն ունեն, Նորաբացի գյուղացի Բենիկ Կարապետյանից ճշտեցինք մեկ հեկտար ցորենից ստացվող մաքուր եկամուտը եւ, ըստ այդմ, այն հաշվարկեցինք նաեւ գարու համար:Այսպիսով` մեկ հեկտարի համար անհրաժեշտ է 500 կգ սերմացու: Ոլորտի ամենատեղյակ մարդու` գյուղնախարարի ասելով սերմացու գարին այնքան էլ անվճար չէ, ուղղակի որակյալ սերմացուի կիլոգրամի արժեքը 350 դրամ է, բայց իրենք տարեվերջին գյուղացիներից վերցնելու են այդ պահի գնման գնով` կիլոգրամը մոտ 120 դրամով: Այսինքն` մեկ հեկտարին անհրաժեշտ 500կգ գարու համար ստացվում է 60 հազար դրամ:Հաշվի առնենք նաեւ, որ Նորաբացում եւ շրջակա գյուղերում մեկ հեկտար հողի հարկը 35 հազար է, ջրի վարձը` 80 հազար: Այսպիսով` սերմացուի արժեքի հետ ստացվում է 175 հազար դրամ: Չմանրանալու համար վարի, ցանքսի, գարին ծածկելու մեխանիզացիայի ծախսը նշենք նվազագույնը 130 հազար դրամ: Մի 50 հազար էլ բուժանյութերի, գարին հնձելու վճար: Ընդամենը` 355 հազար դրամի ծախս: Հիմա` զուտ եկամուտը: Լավագույն սերմացուի եւ մշակման դեպքում (չլինեն երաշտ, մկներ, մորեխներ) մեկ հեկտարի բերքատվությունը կլինի 6 տոննա, ինչն էլ գումարային արտահայտությամբ` կիլոգրամը 120 դրամով, կկազմի 720 հազար դրամ: Հիշենք, որ վերջին թիվը կարող է ավելի պակաս լինել, եթե գարու շուկայական արժեքը լինի 100 դրամ, ինչը շատ հավանական է:Մեր կատարած հաշվարկները ցույց են տալիս, որ մեկ հեկտար գարի ցանող տնտեսության զուտ եկամուտը կազմելու է 365 հազար դրամ (720.000-355. 000): Եթե հաշվի առնենք այն տխուր վիճակագրությունը, որ Հայաստանում միջին գյուղացիական տնտեսության ունեցածը հիմնականում կես հեկտար է, ապա, համապատասխանաբար, եկամուտը կկազմի 180 հազար դրամ: Իսկ թե միջինում 5 հոգանոց ընտանիքի քանի ամսվա ծախսն է կազմում 180 հազար դրամը, թողնում ենք ծրագիր կազմողների վճռին: Իհարկե, մեզ կարող են առարկել, թե առանց գարու եւ եգիպտացորենի սերմացուի հողատարածքները անմշակ կմնան: Այդպես է: Ուղղակի պիտի մեզ համար ճշտենք մի կարեւոր հարց: Այն է` նման ծրագրերով ընդամենն ուզում ենք «հողի երեսը սեւացնե՞լ», այսինքն` ցանքատարածություններն ավելացնել ու ցույց տալ գյուղատնտեսության ոլորտի «բարելավում», թե՞ ուզում ենք իսկապես օժանդակել գյուղացուն` դույզն ինչ արժանապատիվ վաստակելու հնարավորություն տալով: ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԻՄԱ ՑԱՆԵ՞ՆՔ ՄԵՆՔ ԳԱՐԻ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ