Ովքեր են միլիարդավոր դրամների հարկերից խուսափելու իրական պատասխանատուները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին խոշոր գործարարներին պատկանող ընկերություններում ԱԱԾ լայնածավալ ստուգումների արդյունքում բացահայտված փաստերն ուշագրավ էին: Տարիներ շարունակ գործարարներն աշխատել են ոչ թե երկրում օրենքով հաստատված հարկային ռեժիմում, այլ բոլորովին ուրիշ խաղի կանոններով: Արդյունքում ՀՀ պետական բյուջեն զրկվել է լուրջ ծավալի հարկային եկամուտներից: Ընդ որում` գործարարներն այդ ռեժիմով աշխատել, ըստ այդմ, ամբողջ ծավալով հարկային վճարումներ անելուց խուսափել են ոչ թե ինքնագլուխ կերպով, այլ իշխանությունների հետ համաձանեցված` գործելով նրանց սահմանած խաղի կանոններով: Պատահական չէ, որ ԱԱԾ բացահայտումների մասին խոսելիս ե՛ւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ե՛ւ ՊԵԿ պաշտոնյաները պնդում էին, թե տեղյակ են կատարվածից, նախորդ կառավարությունների հետ պայմանավորվածություններ են եղել:

Եւ ուրեմն միլիարդավոր դրամների հարկերից խուսափելու պատասխանատուն ոչ այնքան գործարարներն են, որքան իշխանությունները, որոնք խոշոր բիզնեսի համար հակաօրինական դաշտում գործելու պայմաններ էին ստեղծել: Եւ այդպես եղել է ոչ թե մեկ-երկու ամիս կամ մեկ-երկու տարի, այլ խաղի կանոնները գործել են վերջին քսան տարվա ընթացքում` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
Ու առնվազն միամտություն կլիներ հավատալը, թե խաղի այդ կանոնները թելադրել են ոլորտի պատասխանատու պաշտոնյաները՝ ՊԵԿ նախկին նախագահները կամ ՊԵԿ նախագահի տեղակալները: Ամենեւին էլ ո՛չ: Հայաստանյան իրականությանը քիչ թե շատ ծանոթ անձը կփաստի, որ վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում նման հարցերը որոշվել է երկրի ղեկավարի մոտ. Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման տարիներին, Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք: Անգամ վարչապետներն այս հարցում ձայնի իրավունք չեն ունեցել. նրանք ընդամենը հետեւել են, որ պահպանվեն սահմանված խաղի կանոնները, որ որեւէ մեկը չշեղվի պայմանավորվածություններից: Այնպես որ, ԱԱԾ բացահայտումների անմիջական պատասխանատուն հենց իշխանության գլխին կանգնած անձինք են եղել:

Հիշում եք դեռ 2007թ. իշխանության հասցեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականները. «Գործարարներն այդ իշխանության սյուները չեն, եթե կուզեք իմանալ, այդ իշխանության զոհերն են: Նրանք երջանիկ կլինեին գործելու օրենքի դաշտում, հարգվելու հասարակության կողմից եւ իրենք իրենց հարգելու: …Եւ մի՛ մտածեք, թե այդ մարդիկ հարկեր չեն վճարում, նրանք վճարում են այդ հարկերը, գուցե եւ ավելին, քան պիտի վճարեին օրենքով: Բայց այդ հարկերը չեն մտնում բյուջե, նրանք մտնում են, գիտեք՝ ում գրպանը»: Հիմա համոզվեցի՞ք:




Լրահոս