Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամռանը մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվանա սպասված և նշանավոր իրադարձությամբ: Հուլիսի 8-ին կմեկնարկի հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրան»-ը և ութ օր շարունակ կմիավորի կինոփառատոնի երկրպագուներին:

Հայաստանում սիրված և երկրի սահմաններից դուրս ընդունված կինոփառատոնի մեկնարկի մասին ազդարարել են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության և կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչները:

Համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Կողմերը կարևորել են տարիների գործակցության արդյունքը:

«Այս տարի փառատոնն առանձնակի կարևորություն ունի, քանի որ այն հոբելյանական է: 15 տարվա ընթացքում մեր առաքելությունն իրագործելու ճանապարհին, մենք հավատարիմ ենք մնացել փառատոնի որդեգրած՝ «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսին: Փառատոնի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ՀՀ մշակույթի նախարարությունը և մեր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներներին, որոնց շնորհիվ է նաև, որ «Ոսկե ծիրան»-ն այսօր տարածաշրջանի կարևորագույն միջազգային մշակութային իրադարձություններից է և իր ուրույն տեղն ունի համաշխարհային կինոքարտեզի վրա»,- ասել է փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են փառատոնի հիմնական՝ խաղարկային և վավերագրական միջազգային մրցութային ծրագրերի ժյուրիի նախագահները և կազմը։

Խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին (Իրան): Հանձնաժողովի կազմում են Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը (Գերմանիա), ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը (Ռուսաստան), ֆրանսահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանը (Ֆրանսիա), ճանաչված կինոօպերատոր Լերի Սմիթը (Միացյալ Թագավորություն)։

Իսկ վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի ժամանակակից վավերագրական կինոյի նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանը (Չինաստան): Ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշևը (Ռուսաստան), Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր, ռեժիսոր և պրոդյուսեր Աուդրյուս Սթոնիսը (Լիտվա), ռեժիսոր և պրոդյուսեր Բեն վան Լիսհաութը (Նիդերլանդներ), միջազգային մի շարք կինոփառատոների, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր, կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը (Ֆրանսիա)։

Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները և մարտահրավերները։

«Ուրախությամբ պետք է նշել, որ այս տարի ամառը ևս մշակութային կյանքով լի է լինելու: Ողջունում եմ նախաձեռնության կազմակերպիչներին և շնորհակալություն եմ հայտնում նվիրական աշխատանքի համար: Համոզված եմ, որ ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս մեզ սպասում են հաճելի կինոդիտումներ և հանդիպումներ» ,-նշել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Արդեն 15 տարի շարունակ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը` մեր երկրում, կինոարվեստը շարունակում է դարձնել մշակույթի զարգացման հիմնասյունն ու անկյունաքարը: Ակնհայտ է, որ փառատոնը ոչ միայն կրթում ու դաստիարակում է սերունդներ, այլև ձևավորում է արժեհամակարգ: Այդ մասին է վկայում երիտասարդ սերնդի տարեցտարի ավելացող հետաքրքրությունն ու սերը դեպի կինոարվեստն ու մշակույթը: Սա իսկապես մեծ ներդրում է մեր երկրի համար, և ես ուրախ եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս հոբելյանական տարում ամուր կանգնած է կինոփառատոնի կողքին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի դեպ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնին կից, գործում է GAIFF Pro (ԳԱԻՖ պրո) կինոյի զարգացման հարթակը, որի աշխատանքային խումբն սկսել է Փոքր Կովկասի տարածաշրջանի կինոռեժիսորների 1-ին կամ 2-րդ լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված՝ կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի C2C (սի թու սի) համատեղ արտադրության շուկայի մասնակցության հայտերի ընդունումը:

Կինոարտադրության այս հարթակը, մասնակիցներին հնարավորություն կընձեռի հուլիսի 9 – 13-ը Երևանում հանդիպել հրավիրված միջազգային պրոդյուսերների, ֆինանսավորողների, կինոֆոնդերի, ստուդիաների և փառատոնների ներկայացուցիչների հետ և ստեղծել համատեղ արտադրության և համագործակցության հնարավորություններ՝ ներկայացվող լիամետրաժ կինոնախագծի կամ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմի համար: Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. հունիսի 4-ն է, իսկ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի համար՝ 2018թ. հունիսի 15-ը:




Լրահոս