ԱՄԵՆ ՄԻ ՃՆՃՂՈՒԿԻ ԱՍՏՂ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ջազմեն Արմեն Թութունջյանը, ով այսօր սերունդ է կրթում, ներկայացնում որակյալ երաժշտություն` զերծ տարատեսակ կլկլոցներից ու թուրքա-ադրբեջանական մոտիվներից: Պարոն Թութունջյանը հիշում է, որ իր երիտասարդության տարիներին երեկոյան՝ 17.00-ին, սկվում էր  ադրբեջանական երաժշտության ժամը: Իսկ ամռան  օրերին այդ երաժշտությունից ամբողջ Երեւանն ուղղակի դղրդում էր. «Չեմ կարծում, որ գենետիկորեն հայերը փոխվեցին,-նշում է երաժիշտը եւ ավելացնում,-այդ ժամանակ մեր երկրում ազատ եւ մեծաքանակ ապրում էին նաեւ ադրբեջանցիները: Ղարաբաղյան հարցը լուծեց նաեւ այդ խնդիրը, նրանք հեռացան մեր երկրից: Սովետական ժամանակաշրջանում կար «Հերոսուհի մայր» կոչումը, որը տրվում էր 5-ից ավել երեխա ունեցող մայրերին եւ ցուցակների մեծամասնությունը հենց ադրբեջանցիների անուններ էին»:Նա մեզ խորհուրդ տվեց նաեւ իր սերնդակիցներից հարցնել, թե ամենախոշոր համերգները ում մասնակցությամբ են տեղի ունեցել` հավաստիացնելով, որ երբ Հայաստան էին գալիս ադրբեջանցի երգչուհիները (մեկի անունը նույնիսկ հիշեց` Ալիքբերովա), կարող էին 10 համերգ երգել, բայց էլի ասեղ գցելու տեղ չէր լինում:«Վստահ եմ, որ այս սերունդը բացարձակ զուրկ է սովետական ժամանակահատվածի հիշողություններից: Այդ պրոբլեմի առաջ ես կանգնում եմ, երբ ինքս եմ դասավանդում տարբեր վայրերում: Ես ծնվել ու մեծացել եմ երաժշտական ընտանիքում, իմ քեռին եղել է հայկական ժողովրդական երաժշտության մեծ վարպետ, քյամանչահար Գուրգեն Միրզոյանը: Նա ինձ ասում էր, որ գոյություն ունի 2 տեսակ մաքուր հայկական երաժշտություն` եկեղեցական եւ մեր գեղջկական երաժշտությունը, որը հավաքել է Կոմիտասը եւ վերածել դասականի»,-պատմեց երաժիշտը եւ հավելեց, որ դասական են դառնում երաժշտության այն նմուշները, որոնք կարելի է ներկայացնել նաեւ ուրիշ ազգերին. «Երբ ճապոնացին Կոմիտաս է լսում, հուզվում է»: Երբ հիշեցրինք վերջին իրադարձությունները` կապված Վահրամ Պետրոսյանի անզգույշ արտահայտությունների հետ, պարոն Թութունջյանն ասաց, որ ինքը, իհարկե, չի պաշտպանում այդ տղային, բայց եւ չի դատապարտում. «Դուք ինձ ճի՛շտ հասկացեք, ես չեմ սիրում ադրբեջանական երաժշտություն, բայց ես չեմ համարում անբնական, որ հայերը կարող են սիրել ադրբեջանական երաժշտություն: Մենք Կովկասում ժամանակին ապրել ենք ոչ թե իրար կողքի, այլ իրար մեջ»:Ջազմենի խորին համոզմամբ չի կարելի ասել` այս մի ժողովրդի երաժշտությունը վատն է, մյուսինը` լավը: Դա անհեթեթություն է: Ուրիշ բան է, եթե մենք մաքուր ենք պահում մերը: Նա նաեւ նկատեց. «Ինչքան էլ որ սովետական ժամանակաշրջանում մարդիկ, անկախ իրենց կամքից, լսում էին ադրբեջանական երաժշտություն, նրանք, ամեն դեպքում, գիտեին  այլ, բարձրարժեք երաժշտություն: Հիմա դրա մասին քչերը գիտեն, որովհետեւ շատերի ականջներին փաթաթում են ցածրորակ, զզվելի երաժշտություն»:Այսօրվա նոր սերնդի մասին էլ պարոն Թութունջյանի տեսակետը հետեւյալն է. «Շատ տարիներ առաջ երգիչ-երգչուհիները չգիտեին, թե «մինուսն» ինչ է: Աշխատում էին համերգը համերգի հետեւից: Այդպիսի երգչուհիներ էին Բելլա Դարբինյանը, Էլվինա Մակարյանը, Զառա Տոնիկյանը, Էռնա Յուզբաշյանը, Ռաիսա Մկրտչյանը… Ես հպարտ եմ, որ նվագակցել եմ նրանց: Իսկ սրանք` այս նոր «աստղիկները», կարող են Հայաստանից դուրս ինչ-որ բան ծվծվալ: Որ ասում են` հյուրախաղերից վերադարձա, երեւի գնում են ինչ-որ հայաբնակ տեղ կամ ռեստորան կամ էլ Կալիֆորնիայում ինչ-որ դահլիճ են լցնում, հետո ասում` ի~նչ հյուրախաղեր եմ ունեցել… Ամեն մի ճնճղուկի աստղ են սարքում ու եթեր տալիս: Հետո էլ հեռուստատեսությամբ պարտադրում են, որ մենք իրենց զգեստապահարաններին ծանոթանանք, ոնց որ թե դա ինձ համար ծայրահեղ կարեւոր է»:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս