Ուռուցքային հիվանդություններով տառապողները ծայրահեղ ծանր վիճակում են. ճառագայթային բուժման սարքը փչացել է, իսկ նախարարությունը միջամտելու «իրավունք» չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է, ինչ Հայաստանում ուռուցքային հիվանդություններով տառապող քաղաքացիների մեծ մասը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Պատճառն այն է, որ ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային բուժման սարքերից մեկը տեխնիկական խնդրի պատճառով չի աշխատում:

Արդյունքում, հիվանդների մեծ մասի ճառագայթային անհրաժեշտ բուժումը անորոշ ժամանակով հետաձգվել է: Ի դեպ, նրանց թվում կան նաեւ մանկահասակ երեխաներ:

Պարզվում է, որ այս պահին այն հիվանդները, որոնց օդ ու ջրի պես անհրաժեշտ է ճառագայթային բուժում, սարքի չաշխատելու պատճառով տվյալ բաժանմունքի միջանցքներում երկար հերթեր կանգնելուց հետո տուն են ուղարկվում: Ավելին` սահմանափակվել է նոր հիվանդների ընդունելությունը: Այս մասին պատմեցին «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները, որոնց նույն կենտրոնի մասնագետները նշանակել են շտապ ճառագայթային բուժում, բայց նրանք չեն կարողանում ստանալ այն: Կենտրոնի ճառագայթային թերապիայի բաժանմունքը այս ընթացքում սպասարկում է սահմանափակ թվով հիվանդների: Նրանց մեծ մասի բուժումը ընդհատված է. երբ սարքը կաշխատի, նույն սարքով կարող են շարունակել` ըստ պլանավորված ծավալի: «Ժողովուրդ» օրաթերթին հիվանդներից մեկը պատմեց, որ բաժանմունքի մասնագետներից մեկն իրեն անտարբեր տոնով հայտարարել է` «սարքն աշխատելուց հետո կստանաս ճառագայթային բուժում մի փոքր բարձր դոզայով»:

Ահա թե ինչ ճակատագիր է ունենում այն քաղաքացին, ով օնկոլոգիական խնդիրներով մոտենում է ուռուցքաբանության ազգային կենտրոն: Եւ զարմանալի չէ, որ նման գործելաոճից հետո մարդկանց մոտ առողջապահական համակարգի հանդեպ անվստահությունը ավելանում է ու ավելանում: Բուժման առավել հին մեթոդները, անվճար բուժօգնության անլիարժեքությունը, արդեն ճառագայթային բուժման համար կարեւոր սարքերի փչանալը շատ հիվանդների ստիպում է մեկ օրում վաճառել ունեցած միակ տունն ու ճամփա ընկնել դեպի Գերմանիա: Օնկոլոգիական հիվանդությունների բուժումը հայերը Գերմանիայում են փնտրում: Իսկ սրա միակ պատճառն այն է, որ հայաստանյան առողջապահական համակարգի հանդեպ վստահությունը զգալի անկում է ապրել: Մարդիկ ցանկանում են ամեն գնով փրկել իրենց կյանքը:

Մյուս կողմից` ինչպես հայտնի է, ուռուցքաբանության ազգային կենտրոնն ունի ճառագայթային բուժման եւս մեկ սարք, որը ձեռք է բերվել այս տարեսկզբին հայ եւ իրանցի գործարարների շնորհիվ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին դիմած հիվանդների խոսքերով` չգիտես, թե ինչու, այդ գերհզոր «Վարիան կլինակ ա իքս» սարքավորումից օգտվելը իրենց համար դարձել է «արգելված պտուղ»: Տվյալ սարքավորումից ճառագայթային բուժում ստանալը ոչ բոլորին է հասանելի, քանի որ սահմանված գները բարձր են եւ մեծ մասի գրպանին անհաս:

Այս խնդիրների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի հետ: Հարցին ի պատասխան` տնօրենն արձագանքեց. «Ունենք տեխնիկական խնդիր, որն ուղղելու համար վաղը արտերկրից մասնագետներ են գալու: Վաղը կգան կենտրոն դիագնոստիկա կանեն եւ կտեսնեն, թե ինչումն է խնդիրը: Կարծում եմ, որ հիվանդներին որեւիցե բան փոխանցելու կարիք չկա, քանի որ վաղն են գալու այդ մասնագետները, եւ ժամը 16.00 կամ 16.30 կունենանք ինֆորմացիա: Երբ մասնագետները կգան, մեզ հստակ որեւիցե բան կասեն, դրանից հետո ինչ-որ հայտարարություններ կանենք»: Կենտրոնի տնօրենը մեզ փոխանցեց, որ այդ խնդիրների շուրջ բազմիցս դիմել է առողջապահության նախարարություն: Անգամ հասցրել է նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի հետ զրուցել:

«Նախարարին ներկայացված է ընդհանրապես ճառագայթային բուժման եւ սարքավորումների խնդիրը, եւ կարծում եմ, որ իմ եւ նախարարի միջեւ շատ կոնստրուկտիվ խոսակցություն է եղել»,- հույս հայտնեց կենտրոնի տնօրենը: Ապա վստահեցեց, որ այս ամենի արդյունքում հիվանդները չեն տուժում: Թե ինչպես է նա հասկանում հիվանդերի տուժել կամ չտուժելը, հայտնի չէ: «Բժիշկները փորձում են այնպես անել, որ դա չանդրադառնա հիվանդների առողջության վրա: Հաշվի առնելով, որ միակն ենք, եւ սարքը շատ անհրաժեշտ է մեր հիվանդներին` բոլոր միջոցները հայթայթում ենք հնարավոր եւ անհնարին տարբերակներով: Հենց դա միջոցներից մեկն է, որ այդ մասնագետներին ստիպել ենք գալ»,- լրացրեց տնօրենը: Ահա նման առողջապահության բացերը կարող են լուրջ սոցիալական աղետի պատճառ դառնալ:

Հուսանք` մեր այս հրապարակումը առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ուշադրությունից չի վրիպի եւ կստիպի, որ բուժկենտրոնը պատասխանատվություն կրի հիվանդի առողջության համար: Փոխարենը առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն առողջապահության նախարարության ենթակայության հիմնարկ չէ, «ուստի սեփական խնդիրները պետք է կարգավորի ինքնուրույն»:

«Բայց միաժամանակ հաշվի առնելով ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի շարք ծառայությունների կարեւորությունը` բնակչության առողջության առումով, ԱՆ-ն ամեն կերպ փորձում է աջակցել խնդիրների լուծմանը: Բոլոր խնդիրները ներկայացվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին եւ ի գիտություն են ընդունվել, դրվել են քննարկման»,- փոխանցեցին նախարարությունից:

Այս ընթացքում կենտրոնի հետ կապ է հաստատվել հասկանալու խնդիրները: Իսկ արդյունքների մասին առողջապահության նախարարությունից ավելին չկարողացան ասել:

Հ.Գ. Քիչ առաջ «Ժողովուրդ» օրաթերթին կենտրոնից հայտնեցին, որ մասնագետները տեղում են եւ ուսումնասիրում են սարքը, որպեսզի հասկանան, թե ինչ խնդիրներ կան:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս