Բառախաղ` քաղաքացու կյանքի հաշվին. ինչ է կատարվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած Երեւանի 35-ամյա Արտակ Մելքումյանը պատմեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս տարվա մարտի 27-ին վիրահատվել է: Իսկ մինչ այդ Մելքումյանը հիվանդանոց է դիմել մարտի 19-ին, եւ հայտնաբերվել է միջնորմի գոյացություն: Ցուցվել է վիրահատություն, ինչն էլ արվել է մարտի 27-ին:

Բժշկական կենտրոնի կողմից քաղաքացուն տրված էպիկրիզում նշված է, որ բիոպտատի հիստոլոգիական հետազոտությամբ նկարագրվել է թիմիկ կարցինոմա (թիմոմա C):

Ախտորոշումը ճշտելու նպատակով կատարվել է իմունոհիստոքիմիական քննություն, նկարագրվել է թիմոմա B2: Ապա նշվել է, որ հետվիրահատական շրջանն անցել է հարթ, իսկ ապրիլի 15-ին դուրս է գրվել:

«Մինչեւ վիրահատությունը ինձ ասացին, որ չարորակ ուռուցք է, պետք է այն անվճար լինի, եւ հիվանդանոցում խորհուրդ տվեցին դեռ չվճարել: Ասացին` դեռ ոչ մի բան մի՛ վճարի, բիոպսիայից հետո պատասխանները կգա, կերեւա: Վիրահատությունն արեցին, որից հետո հետազոտվել եմ, ու պարզվել է` ինձ մոտ թիմոմա B2 է, որը եւս չարորակ է: Ես պահանջում եմ, որ ինձ հետ տան վիրահատության համար վճարած 800 հազար դրամը: Չէ՞ որ դա օրենքով ամրագրված է»,- վրդովված նկատեց Մելքումյանը:

Նա նկատի ունի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած ծրագիրը, ըստ որի` չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիները գումար չեն վճարում, քանի որ նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ:

Հիվանդանոցը, սակայն, հրաժարվում է քաղաքացուն հետ վճարել վիրահատության գումարը: Ինքը` Արտակ Մելքումյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրեն հետվիրահատական շրջանում բժիշկը նշանակել է քիմիաթերապիայի կուրս անցնել, բայց քաղաքացին գումար չունի:

«Քիմիաթերապիան ինձ նշանակել է Հայաստանի գլխավոր ուռուցքաբանը: Հիվանդանոցից հրաժարվում են հետ վերադարձնել 800 հազար դրամը: Ասում են` չենք կարող հետ վերադարձնել գումարը:

Բայց բուժող բժիշկը ասեց ինձ, որ գումարն ինձ հասնում է: Ես չգիտեմ` ինչ անեմ, իրոք չգիտեմ: Թող բոլոր փորձագետները հաստատեն, որ թիմոմա B2-ը կա՛մ բարորակ է, կա՛մ չարորակ:

Եթե բարորակ է, ինձ քիմիա չի հասնում, եթե չարորակ է իմ ուռուցքը, ինչո՞ւ ինձ գումարը հետ չեն տալիս: Նախարարությունից ասում են` բարորակի ու չարորակի միջանկյալ է: Ի՞նչ է դա նշանակում: Թող կա՛մ իմ վիրահատության գումարը հետ տան, կա՛մ էլ քիմիաթերապիան, եթե անհրաժեշտ է ինձ, պետպատվերի շրջանակում իրականացնեն: Բոլոր ուռուցքաբանների մոտ եղել եմ:

Արդեն 2 մլն դրամից ավել գումար եմ ծախսել, պարտք անելու տեղ չի մնացել: Ռիսկի եմ դիմել, քանի որ ամիսուկես առաջ պետք է քիմիա ստանայի: Բայց 2 մլն դրամ ծախսեմ ու հետո էրեխեքիս անտեր թողնեմ, ինչի՞ համար: Ես ավելի շատ կուզեի, որ Փաշինյանն այս ամենի մասին իմանար: Ինքը իր ուղիղ եթերներով ասում է, որ եթե չեք կարողանում ինձ տեղեկացնել, ապա մամուլի միջոցով արե՛ք դա»,- նկատեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, նշենք, որ այս խնդրի շուրջ Մելքումյանի կնոջ քույրը հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Նախարարը իր օգնականներից մեկին` Հասմիկին, հանձնարարել է այս հարցով զբաղվել, սակայն Մելքումյանը դժգոհ է նախարարության ներկայացուցչի վերաբերմունքից:

«Ինչ անում եմ, Հասմիկի ձեռքն եմ ընկնում: Ես նախարարի ֆեյսբուքյան էջով անձնական նամակում գրել եմ, որ դժգոհ եմ, եւ օգնականները իր հանձնարարականը չեն կատարում: Պահանջել եմ հանդիպում իր հետ: Նախարարը խնդրեց իրեն փոխանցեմ իմ հեռախոսահամարը, տվեցի: Դրանից հետո ինձ զանգում է Հասմիկը ու հանդիմանում` ինչու եք ստեղ-ընդեղ գրում, հետո արհամարհական, առանց լսելու իմ խոսքը հեռախոսն անմիջապես անջատում է»,- զայրացավ Արտակ Մելքումյանը:

Ի վերջո, նախարարությունից արձագանքել են Արտակ Մելքումյանին եւ առաջարկել են` բուժզննում անցնի նախարարության փորձագետներից մեկի մոտ: Փորձագետի կողմից ներկայացված եզրակացության մեջ գրված է` «բարորակ չէ»:

Ավելին, նախարարության փորձագետը Արտակ Մելքումյանին ուղարկել է «կատե անելու», սակայն նրա բուժող բժիշկը դա նրան վեց ամիս արգելել է:

«Ես հիմա ահավոր ֆինանսական վիճակի մեջ եմ, օրական 20 հազար դրամի դեղ եմ գնում, արհեստական շնչառության ապարատ ունեի տանը, երեկ եմ հանձնել. օրական 2000 դրամ եմ ծախսել դրա համար: Ես պահանջում եմ հանդիպում նախարարի հետ: Գոնե 800 հազար դրամը հետ վերադարձնեն, ես դրանով մի հատ քիմիա ստանամ, հետո երկուսի համար կմտածեմ, թե ինչն եմ ծախում, որ վճարեմ»,-մտահոգվեց Ա. Մելքումյանը:

Մեզ դիմած քաղաքացու խնդրով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Առողջապահության նախարարություն, որտեղից հայտարարեցին հետեւյալը. «Նրա մոտ նախնական ախտորոշվել էր թիմոմա C, բայց վիրահատությունից հետո ախտորոշումը փոխվել է եւ դարձել թիմոմա B2»: Ըստ նախարարության` ոչ մի մասնագետի կողմից հաստատված չէ, որ «թիմոմա B2»-ը չարորակ նորագոյացություն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարության վերին օղակները իրենց փորձագետից պահանջել են հիմնավորել տված եզրակացությունը, քանի որ այն թերի է:

Այսինքն` չի հասկացվում` բարորակ է, թե չարորակ: Ապա փորձագետի կողմից տրվել է հիվանդության կոդ, որը, ըստ ԱՀԿ-ի, համարվում է բարորակ: ԱՆ-ից հայտնեցին նաեւ, որ այս դեպքում Արտակ Մելքումյանը չի կարող ծրագրից օգտվել, քանի որ չարորակի ախտորոշումը չկա, իսկ Առողջապահաության նախարարության ծրագիրը հաստատված չարորակ հիվանդության համար է: Քաղաքացուն նշանակած քիմիան անհրաժեշտ է, քանի որ առանց դրա, հնարավոր է, հիվանդությունը սրվի, ագրեսիվանա ու դառնա չարորակ»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս