Արդարադատություն` երկակի ստանդարտներով. դատավորների վրա ազդում են նախկին կապերը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգը գործադիր իշխանության նկատմամբ սաբոտաժ է սկսել: Այլ կերպ դժվար է որակել այս օրերին տեղի ունեցողը, երբ դատարանները մերժում են թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրած անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները:

Ինչպես հայտնի է, դատարանի որոշմամբ ե՛ւ Էրեբունիում, ե՛ւ Ավանում տեղի ունեցած միջադեպերի ձերբակալված մասնակիցներն ազատ են արձակվել: Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, մեղադրյալները ՀՀԿ-ի հետ առնչություն ունեցող անձինք են: Ասել է, թե գործել են այն ժամանակվա իշխանության հրահանգով կամ առնվազն թողտվությամբ, համաձայնությամբ: Ու նման իրավիճակում մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու եւ նրանց ազատ արձակելու դատարանի որոշումն անհասկանալի է, մեղմ ասած: Եւ այս ամենը լուրջ հիմքեր է տալիս պնդելու, որ դատարանները շարունակում են մնալ նախորդ իշխանության՝ ՀՀԿ-ի ազդեցության տակ:

Ու արդեն մտավախություն կա, որ նույնկերպ կվարվեն նաեւ դատավճիռ կայացնելիս, երբ անկախ այն հանգամանքից՝ հանցագործությունն ապացուցված է, թե ոչ (իսկ այդ անձանց մեղքն ապացուցող տասնյակ տեսանյութեր կան), հրոսակախմբի անդամներն անպատիժ մնան: Սա անգամ այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է այս գործերով անցնող մեղադրյալների կալանավորման միջնորդությունները մերժելու դատարանի որոշումը:

Մյուս կողմից ընտրողական վերաբերմունք է դեռ նախորդ իշխանությունների օրոք քաղաքական ենթատեքստով հարուցված քրեական գործերի դեպքում: Ամենավառ ապացույցը Վահան Շիրխանյանի գործն է, երբ չնայած նրա առողջական վիճակին, չնայած ՄԻԵԴ-ի որոշմանը, որ պետք է ծայրահեղ ծանր առողջական վիճակի պատճառով Շիրխանյանին ազատ արձակել, միեւնույն է՝ կալանքի տակ են պահում: Ավելին, այս օրերին նրա դատավարությունները շարունակվում են հետաձգվել, եւ արդյունքում՝ ոչ միայն Շիրխանյանը, այլեւ այդ գործով անցնող շատերը ստիպված են լինում ոմանց պատճառով մնալ կալանքի տակ:

Միայն այս գործերն ամենավառ ապացույցն են այն բանի, որ Հայաստանում դատարանն ընտրողական «արդարադատություն» է իրականացնում, երկակի ստանդարտներ են կիրառվում:

Ու չնայած նոր իշխանությունները հայտարարել են, թե չեն միջամտելու դատական համակարգի գործունեությանը, հիմա դատավորների վրա ազդում են նախկին կապերը:




Լրահոս