ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի վերջին հայտարարություններն ուշագրավ էին: «Երբ ես մտել եմ նախարարություն, պարզվել է, որ եռամսյակի բյուջեն արդեն սպառված է եղել, ընդ որում` սպառված է եղել ոչ միայն այդ եռամսյակի, այլեւ հուլիսի վերջի բյուջեն, հիմա պարտքով ենք աշխատում»,- հայտարարել է նա` հավելելով, որ գումարները խոհեմ չեն ծախսվել. «Այն, ինչ նախատեսված է եղել եռամսյակի համար, ծախսվել է ավելի շուտ։ Մասնավորապես, խոսքը միջոցառումների մասին է. դրանց համար մոտ 1.2 մլրդ դրամ գումար է տարեկան հատկացվում ընթացիկ ծախսերի ապահովման համար, ավելի շուտ են սպառվել այդ գումարները»:
Փաստերը, որոնց մասին խոսել է նորանշանակ նախարարը, մեծ հաշվով նորություն չէին գոնե մեզ համար: «Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 4-ի համարում գրել էր, որ նախորդ կառավարությունը հեռանալուց առաջ հնարավորինս դատարկել է պետական գանձարանը` անխնածախսելով ՀՀ պետական բյուջեով տարեկան իրենց հատկացված գումարների առյուծի բաժինը:
Բայց այն ժամանակ դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը շտապել էր հերքել մեր հրապարակումը` պնդելով, որ այնտեղ ներկայացված մտքերն իրականության հետ կապ չունեն: Նախորդ կառավարությունը մեր հրապարակումը նույնիսկ որակել էր«հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելու միտում ունեցող»:
Այսօր, սակայն, պարզվում է միանգամայն հակառակը. «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման մեջ ներկայացված փաստերը ճիշտ էին, եւ իրականում հենց նախորդ կառավարությունն էր միտում ունեցել ապատեղեկատվություն տրամադրել հանրությանը` փորձելով կոծկել իրենց գործունեության մասին խայտառակ բացահայտումը: ՈՒ հիմա պետք է արձանագրենք, որ նախորդ կառավարության սուտը բացահայտվել է պետական մակարդակով. նախարար Մակունցն ինքն է հայտարարել, որ «պարտքով են աշխատում»:
Համաձայնեք` տեղի ունեցածն իսկապես տգեղ է, տգեղ` ամեն առումներով: Տգեղ է փաստը, որ նախորդ կառավարությունը հեռանալուց առաջ անխնա ծախսել է հատկացված գումարից ավելի: Տգեղ է փաստը, որ այդքանից հետո փորձել են կոծկել իրենց արածը, դեռ ավելին` այդ մասին բարձրաձայնող լրատվամիջոցին մեղադրելով սուտ լուրեր տարածելու մեջ: Ամենայն հավանականությամբ, նախորդ կառավարության բենդերներն ու կորեյկոները համոզված են եղել, որ որեւէ մեկը գլխի չի ընկնի եւ չի բացահայտի իրենց արածը, ու հնարավոր կլինի մարսել անխնա ծախսերը: Չստացվեց: Նորանշանակ նախարարը բավական խելամիտ գտնվեց` բացահայտելով ու բարձրաձայնելով կատարվածը: