ՈՉ ՄԵԿԻՑ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ, ԱՍՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ»-ի հերթական «փողոցային» զրուցակիցը 69-ամյա Պողոս Նավասարդյանն է, որը Հայաստանը համարում է ոչ թե հայրենիք կամ բնակության վայր, այլ անապատ, որտեղ «հայտնվելու» դեպքում ամեն ինչ պետք է անես գոյությունդ պաշտպանելու համար: Պարոն Նավասարդյանը յուրաքանչյուր օր` ժամը 8.30-ից մինչեւ ուշ երեկո, ձեռքը մեկնած անցորդներին, քայլում է տարբեր փողոցներով` գոյատեւման միջոց ակնկալելով պատահական անցորդներից: 69-ամյա Պողոսին «ժողովուրդ»-ը հանդիպեց Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ նա, անկյունում նստած, նայում էր անցորդների աչքերի մեջ ու փող մուրում: Փողոցի մեր զրուցակիցը ոչինչ չցանկացավ ասել իր վիճակի վերաբերյալ. «Դե տեսնում ես` ինչ վիճակում եմ, էլ ի՞նչ կարիք կա` պատմեմ, բացատրեմ»: Պարոն Նավասարդյանը բարկացած էր ու մեզ  հետ խոսում էր գոռգոռալով, մեր այն հարցին, թե որն է դրա պատճառը,  ասաց. «Ա՛յ աղջիկ ջան, գիտես թե ես գիտեմ` ի՞նչն ա պատճառը, ուղղակի էնքան կատաղած եմ էս մեր երկրի վերաբերմունքից, էս արհամարհական պահվածքից, որ մեկն արդեն խոսում ա, ես սկսում եմ գոռգոռալ: Մի աղջիկ ունեմ, իրար հետ ենք ապրում վարձով: Հաշմանդամ ա աղջիկս, որ գնում եմ տուն, մի բան հարցնում ա, սկսում եմ գոռգոռալ, ասում ա` ա՛յ պապ ջան, բայց ես ի՞նչ ասեցի, որ ինձ վրա բարկանում ես: Ախր չեմ բարկանում, ահավոր ջղայնացած եմ էս մեր վատ ապրելակերպից»:  Պարոն Նավասարդյանը բարկացած է այն փաստի վրա, որ չգիտի` ինչ անի էս անտեր վիճակից դուրս գալու համար, չկա որեւէ մեկը, որ գնաս, դիմես, մի բանով օգնի. «Ինչի՞ պիտի հիմա ես էս վիճակում լինեի, անօգնական, որ չկարողանայի իմ միակ աղջկան օգնեի, ինքը հաշմանդամ ա, չի կարում քայլի, փող ունենայի, կտանեի, կվիրահատեի: Ինչի՞ պիտի ես ամեն օր զարթնեմ ու մտածեմ` ո՞ր փողոց գնամ, որ մի քիչ շատ փող հավաքեմ»: Փողոցում մուրացող տղամարդն իր յուրաքանչյուր խոսքից հետո մաքրում էր արցունքակալած աչքերը ու անընդհատ մեզ փորձում էր  համոզել, որ ինքը լացող մարդ չէ. «Ուղղակի էս կյանքը ստիպել ա, որ էս վիճակին եմ հասել, ամեն մի բանը հիշելիս չեմ կարում ինձ զսպեմ, բալա՛ ջան»: Մուրացող տղամարդը արդեն հույսը կորցրել է, որ երբեւէ ինքն ու իր միակ դուստրը նորմալ կապրեն. «Էլ ե՞րբ, հը՞, ե՞րբ, ի՞նչ հույս ունենամ, երբ որ տեսնում եմ, թե մարդկանց հետ ոնց ա վարվում էս սրիկա պետությունը, ես իրանց էլ ի՞նչ խոսք ասեմ, ես իրանցից չեմ վախենում: Եթե ուզենան գան ինձ սպանեն, թող գան, ես վախենալու ոչ մի բան չունեմ: Ինձ մենակ էդ ա մնացել` տան, սպանեն, պրծնեմ: Հա՛, ասեմ, որ ինձ էլ լավություն կանեն, ես էլ անհամբեր դրան եմ սպասում»,-իրեն նման ապագա ցանկացավ հուսալքված տարեց մարդը: Պարոն Նավասարդյանի ձայնը գնալով բարձրանում էր, նա այնքան էր բարկացել, որ անցորդները մի պահ կանգնում էին` լսելու, թե ինչն է նրան ստիպել գոռգոռալ: Իսկ դա նրան է՛լ ավելի հունից հանեց. «Ի՞նչ եք զարմացած նայում, դուք էլ, որ ռիսկ անեք, երկու բառ ասեք, երեւի մեր վիճակը ըսենց չէր լինի, թե չէ ինչ անեն-չանեն, մեկդ ձեն չի հանում, չի ասում` ա՛յ սրիկաներ, մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում ապրել, մենակ դուք չեք ու ձեր էրեխեքը: Էդքան գռփում-ուտում եք, երկու կոպեկ էլ գցե՛ք էն կողմ, թող ժողովուրդը մի բան առնի, ուտի, թե չէ մենակ իրանց մասին եմ մտածում»,-եզրափակեց այս կյանքից, պետությունից ու մարդկանցից դառնացած մեր զրուցակիցը:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս